Կաշառք տալը և ստանալը երկկողմանի գործարք է. Անի Սամսոնյան
«Կաշառք տալը և ստանալը երկկողմանի գործարք է, որի համար պատասխանատվության են կանչվում երկու կողմերն էլ»,- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ:
Ըստ պատգամավորի, Հայաստանում քրեականացված է ոչ միայն կաշառք տալն, այլև ստանալը: Նկատելով՝ քրեական գործում առկա են տվյալներ, որ կաշառքները տրվել են հասցեներով, անուն-ազգանուններով՝ Անի Սամսոնյանը գլխավոր դատախազից ցանկացավ իմանալ, թե կաշառք ստանալու գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրվել է, թե ոչ:
«Այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ»,- հայտարարեց գլխավոր դատախազը և հավաստիացրեց, որ բացահայտված շղթայի մեջ հանցավոր արարք դսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության:
Նկատելով, որ 2017 թվականին Գեղարքունիքի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվերակել են 8000 ընտրող՝ Անի Սամսոնյանը հայտնեց, որ եթե պահպանում են օրինականությունը, ապա լավ կլինի, որ կաշառք ստացողները ևս ենթարկվեն քրեաիրավական պատասխանատվության:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նկատեց, որ կաշառք տալու և ստանալու արարքներն ունեն տարբեր հանրային վտանգավորության աստիճան, բայց պատգամավորին հորդորեց անհոգ մնալ, քանի որ կլինի համապատասխան գնահատական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան