Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
«Ես հույս ունեմ՝ դուք հարգում եք Ձեր ուսադիրները»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը խորհրդարանին է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեկանան հետապնդում հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը։
Զոհրաբյանը հիշեցրեց, որ 2018 թվականի մայիսին Արթուր Դավթյանը ԱԺ միջնորդություն է ներկայացրել նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնխելիությունից զրկելու համար, որից հետո՝ ի պատասխան պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու է գլխավոր դատախազը հետ վերցրել իր այդ միջնորդությունը, նա այն ժամանակ ասել էր՝ իրեն դիմել է ՀՀ փոխվարչապետը, և խնդրել՝ հետ վերցնել միջնորդությունը։
«Հիմա դուք պնդում եք, որ երբ միջնորդություն ներկայացրիք Ն. Փաշինյանին անձեռնխելիությունից զրկելու համար, պնդում եք, որ այդ միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր, այլ իրավական գործընթաց։ Իսկ ես վստահ եմ, որ այդ միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր, քանի որ հակառակ դեպքում ով էլ Ձեզ դիմեր, հետ չէիք կանչի միջնորդությունը։ Եվ այդպես զարմացած մի նայեք, մտածում եք՝ հիմա ի՞նչ ասեք։ Դուք ունեք բոլոր հարցերի պատասխանը, բայց դրան քիչ է մնացել։ Հիմա պնդում եք, որ ունեիք բոլոր հիմքերը Նիկոլին անձեռնմխելիությունից զրկելու, ինչո՞ւ հետ կանչեցիք այդ միջնորդությունը»,- հարցրեց Ն. Զոհրաբյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ դատախազն ասաց, որ իր բոլոր քայլերը հրապարակային են եղել։
«Այսօրվա քննության առարկայի հետ ի՞նչ կապ ունի Ձեր հարցը, ասեք, և ես կպատասխանեմ»,- նշեց Ա. Դավթյանը։
Ն. Զոհրաբյանն էլ արձագանքեց, որ ինքը վստահ է՝ վաղը նմանատիպ անհարմար վիճակում է հայտնվելու Ա. Դավթյանը, և պատգամավորներից մեկն այդ ժամանակ հարցնելու է. «Դուք պնդո՞ւմ եք, որ իրավական գործընթաց էր իրականանում Գ. Ծառուկյանի նկատմամբ արվածը, դուք անհարմար չե՞ք զգում»,- ասաց պատգամավորը։
Պատասխանելով՝ Ա. Դավթյանը նշեց՝ տիկին Զոհրաբյան, այդ հարցի պատասխանը դուք գիտեք։
«Շատ լավ գիտեք, որ ես իմ գործունեության ընթացքում անհարմար զգալու որևէ առիթ չեմ ունեցել, ավելին՝ չեմ էլ ունենա։ Այսօր ես ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ աշխատանքը»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կարող եք չծվծվալ տեղերից. Տոնոյանը՝ իմքայլականներին
- Դիտավորյա՞լ չեք հարցաքննել հորս. Նորա Առուստամյան
- Դիտավորությա՞մբ եք ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել. Թանդիլյանը՝ դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան