Արթուր Ջավադյանի հիմնական գործը լինելու է դրսից պարտքով փող բերելը.Սուրեն Պարսյան
Այսօր քաղաքական թոհուբոհի մեջ հանրությունը գրեթե չնկատեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի նշանակումը հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Միանշանակ է, որ Արթուր Ջավադյանը չի զբաղվելու, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, նրա հիմնական գործը լինելու է դրսից պարտքով փող բերելը, իսկ ավելի կոնկրետ՝ խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը կասեցնելու համար արտաքին պարտքը ավելացնելը՝ բնականաբար օգտագործելով իր «հին և բարի» կապերը։ Հայտնի մոտեցում է, որ ճգնաժամը կասեցնելու և հետևանքները վերացնելու համար երկրները ներդրումներ են իրականացնում տնտեսության մեջ՝ հիմնականում ի հաշվի պետական պարտքի ավելացման։
Համեմատության համար նշեմ, որ մեր հարևան Վրաստանը նախնական այմանավորվածություններ ունի շուրջ 3 մլրդ դոլարի միջոցներ ներգրավելու վերաբերյալ։ 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար նախորդ իշխանությունները միջազգային տարբեր դոնորներից (Համաշխարհային բանկից, Ռուսաստանի Դաշնությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից և այլն) ներգրավեցին շուրջ 2 մլրդ դոլար, ինչի հաշվին կտրուկ ավելացավ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը, որն ըստ իս ծախսվեց ոչ արդյունավետ և չնպաստեց երկարաժամկետ կայուն տնտեսական աճին, օրինակ՝ Գյումրու Մուշ թաղամասի կառացումը, «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագիրը և այլն։
Ցավում եմ, որ գործող իշխանությունները իրենց «հույսը կապել են» Արթուր Ջավադյանի հետ, ով կենտրոնական բանկի թիմի մյուս ներկայացուցիչների հետ մեծ վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը և ազգաբնակչությանը, ինչպես նաև մշտապես սպասարկել է օլիգարխիայի և բանկային համակարգի շահերը, մասնավորապես՝ ներդնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, վատնելով վարկային միջոցները, անտերության մատնելով «Հյուսիս-հարավ»-ը, պաշտպանելով վաշխառու ֆինանսական կազմակերպությունների շահերը և այլն։
Ներկայումս համաշխարհային տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, դրանից անմասն չէ նաև Հայաստանը, և այս իրավիճակում մեզ հարկավոր է նոր որակի իշխանություն՝ հատկապես պետական կառավարման ֆինանսական հատվածում։ Հին ֆինանսական քաղաքականությամբ և հին կադրերով հնարավոր չէ այս ճգնաժամը հաղթահարել։ Այս ներքաղաքական պայմաններում շատ դժվար է լինելու դրսից փող բերելը, առավել դժվար է լինելու դրանք արդյունավետ ծախսելը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հերթական անգամ առաջարկում եմ համախմբել և օգտագործել համահայկական մասնագիտական և կազմակեպչական ամբողջ ներուժը՝ մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի