Թևանյան. Աղքատության խորացումն ակնհայտ է դարձել
«Կարճ ձևակերպված՝ մեր երկիրը խորը ճգնաժամի մեջ է, իսկ եթե ավելի բացված՝ այժմ գտնվում ենք հումանիտար, սոցիալ-տնտեսական, մասնակցային, քաղաքական, արտաքին քաղաքական և լեգիտիմության ճգնաժամի մեջ»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Նա նշեց, որ 2018 թ. իշխանափոխությունից հետո ՀՀ ժողովուրդը հետևողականորեն և անլրջությամբ դուրս է մղվել որոշումներ կայացնելու գործընթացից. «Ֆորմալով առումով հայտարարվում է, որ գործ ունենք ժողովրդավարության, ժողովրդի իշխանության հետ, ժողովրդի կարծիքն է կարևորը, բայց մեծ հաշվով տեսնում ենք, որ ժողովուրդը դուրս է մնում քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացից»։
Ա. Թևանյանի խոսքով, հումանիտար ճգնաժամը պայմանավորված է կորոնավիրուսով. ՀՀ-ն նախկին սովետական երկրների մեջ արդեն իսկ առաջ է վարակվածների թվով 1 միլիոն շնչին ընկած քանակով, հարևան Վրաստանի հետ համեմատած՝ ՀՀ-ն 20 անգամ ավելի շատ վարակվածներ ունի 1 միլիոն շնչի հաշվարկով, 20 անգամ շատ մահացածների քանակ։
«Հայաստանի կառավարությունը ձախողել է հակահամաճարակային պայքարը, փաստացի, Հայաստանը կանգնեցրել է հումանիտար աղետի առաջ»,- ընդգծեց տնտեսագետը։
Նա ասաց, որ արտաքին քաղաքականության ոլորտում ճգնաժամը դրսևորվում է բոլոր խոշոր խաղացողների հետ կամ հարաբերությունների լարվածության աճով կամ այդ հարաբերությունների սառեցմամբ։
«Ես կասեի՝ մեկուսացման մեջ է»,-նշեց Ա. Թևանյանը։
Ներքաղաքական ճգնաժամի դրսևորումներից մեկը, ըստ նրա, երեկ տեղի ունեցածն է։ Ա. Թևանյանի խոսքով, արտակարգ դրությանն ընդամենը գործիք է քաղաքական իշխանության ձեռքում սեփական իշխանության պահպանման համար և այս իրավիճակում ինչպիսի հարձակումներ կան քաղաքական ընդդիմախոսների դեմ։
«Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանն լեգիտիմ չէ, կոմպետենտության և պրոֆեսիոնալիզմի առումով տապալվել է պետության կառավարման գերթե բոլոր ոլորտներում։ Կարող ենք ասել, որ այս իշխանությունն արդեն լեգիտիմ չէ և հիմա գտնվում ենք խորը լեգիտիմության ճգնաժամի մեջ։ Իշխանությունն ինքն է ընդունում, որ իր խոսքի ուժն այն չէ, իշխանությունն այլևս չի կարողանում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն հանգեցնի մեր քաղաքացիների առողջության վնասմանը և կյանքի դադարեցմանը»,- ասաց Ա. Թևանյանը։
Տնտեսագետի գնահատմամբ, աղքատության խորացումն ակնհայտ է դարձել, կառավարության հակաճգնաժամային ծրագրերը չեն տվել արդյունքներ։ Նրա խոսքով, իրենց հաշվարկներով այս պայմաններում պետք է տնտեսության մեջ 1,3 միլիարդ դոլարի ներարկում անել, սակայն այս իշխանությունը չի կարողանում անել. «Չկան այն վստահության մեխանիզմները, որի շնրոհիվ ներքին ռեսուրսները մտնեն տնտեսության մեջ, արտաքին դաշտից որևէ օգնության հնարավոր չէ սպասել այս իշխանության օրոք, որովհետև սրանց լուրջ չեն վերաբերվում, նույնիսկ այդ գումարները բերելու ծրագիր չունեն։
Սա գլխակեր իշխանություն է, խոր ցնցումների մեջ է գցելու Հայաստանը համաճարակի, սոցիալ-տնտեսական, քաղաքական առումով»։
Որպես ստեղծված իրավիճակի լուծում Ա. Թևանյանը համարում է՝ Հայաստանում ձևավորել կոմպետենտ, պրոֆեսիոնալ, հակաճգնաժամային կառավարման համակարգ, թիմ, որը կոնսոլիդացնի հասարակությանը, կարողանա արդյունավետ հակաճգնաժամային և հակակորոնավիրուսային պայքար մղել։
«Լուծումները քաղաքական դաշտում են, և մենք քաղաքական փոփոխությունների միջոցով հնարավորություն կունենանք դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան