Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում. Տոնոյան
«Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննության հետ կապված դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան ժամը 19.00-ին Շենգավիթի դատարանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, ցանկացած սցենարի դեպքում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցություն շարունակելու է նույն արդյունավետությամբ աշխատել։
«Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում, բոլոր քաղաքական որոշումներն ընդունվելու ենք մեր քաղաքական թիմի քննարկումների և կոնսենսուսի պայմաններում։ Այս մասով մենք շարունակելու ենք մեր աշխատանքը»,- նշեց Տոնոյանը։
Հարցին, թե խմբակցությունը իրատեսակա՞ն է համարում արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք», «Մեկ Հայաստան», և «ՀՅԴ» կուսակցությունների հետ համագործակցությունը, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց՝ կան կուսակցություններ, որոնց հետ մենք հստակ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, և նշված կուսակցություններն այդ շարքում են. դա ըստ էության լինելու է նախաձեռնող այն կորիզը, որը հետագա գործողություններն իրականացնելու է։
«Կան այլ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, որոնց հետ մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում, նրանք նույնպես մտահոգված են այս իրավիճակով, և ներկայացնում են այն ոլորտները, որոնք ձախողվել են։ Այդ ուժերի հետ ևս մենք համագործակցելու եզրեր ունենք։ Այդ ուժերից շատերը հայտարարությամբ արդեն իսկ հանդես են եկել, օրինակ՝ «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»։ Իսկ երբ սկսենք համագործակցությունը, արդեն կոնկրետ հայտարարություններով հանդես կգանք»,- եզրափակեց խոսքը Վահե Էնֆիաջյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը
- ԲՀԿ-ն նախաձեռնում է և՛ քննիչ հանձնաժողով ստեղծել և՛ ՍԴ դիմել. Տոնոյան