Թմրամիջոց ապօրինի իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և 2018թ. օգոստոսի 16-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի տներից մեկում ծանոթին ապօրինի իրացրել է զգալի չափի «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: