Տասներկու առաքյալների կյանքը կներկայացվի ժեստերի լեզվով
Աստվածաշունչը խուլերի մայրենի ժեստերի լեզվով թարգմանելու և ներկայացնելու նախագիծը մեկնարկել է մոտ 15 տարի առաջ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Այն միտված է Հայաստանում ապրող 3500 խուլերին տալու հնարավորություն սերտելու Սուրբ Գիրքը։ Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նախագծի առաջին փուլում թարգմանվել և չորս տեսասկավառակով ներկայացվել է Մանկական Աստվածաշունչը, երկրորդ փուլում՝ Ղուկասի Ավետարանը: Անցած տարի ժեստերի լեզվի թարգմանությամբ է ներկայացվել նաև «Աստվածաշնչի մարգարեները» սկավառակը։
Այս օրերին ավարտին են մոտենում հերթական սկավառակի պատրաստման աշխատանքները։ Վերջինս ներկայացնում է Քրիստոսի տասներկու առաքյալներին՝ նրանց վարքը, կյանքը և ներդրումը քրիստոնեության հաստատման գործում։ Սկավառակի պատրաստման համար աշխատում են Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքը, ժեստերի լեզվի թարգմանիչներ, Արարատյան թեմի առցանց հեռուստաալիքը՝ «Թեմ TV»-ն:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ֆինանսավորմամաբ: