ՊԲ-ն հերքում է հայկական կողմից ադրբեջանական գյուղի ուղղությամբ կրակ բացելու տեղեկությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական Ordu.az կայքի տարածած հաղորդագրությունը, թե հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.
«Հունիսի 17-ին ադրբեջանական Ordu.az կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը»: