«Ժողովուրդ». Վախկոտ ընդդիմությունը չի կարող հաջողություն ունենալ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում պատգամավորները կողմ քվեարկեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, և նրա նկատմամբ ազատությունից զրկելու թույլտվություն տրվեց: Երկու միջնորդությունների ժամանակ էլ քվեարկությանը մասնակցեցին և կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ու Արման Բաբաջանյանը, և ստացվեց 87 կողմ ձայն: Ծառուկյանն այդ ողջ ընթացքում ԱԱԾ-ում հարցաքննվում էր: ԱԺ որոշումից հետո շտապեցին հայտարարություններ տարածել արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Նախ հայտարարություն տարածեց Հանրապետական կուսակցությունը, ապա համատեղ հայտարարությամբ հանդես եկան «Հայրենիք», ՀՅԴ և «Մեկ Հայաստան» կուսակցությունները, որն ավելի շատ համախմբելու կոչ էր: «Պահանջում ենք գործող իշխանություններից դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճը և անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաև քաղաքական և հասարակական ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ և ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները», – ասված էր այս հայտարարության մեջ։
Այսպիսով, արտախորհրդարանական ուժերը «հուժկու» հայտարարությամբ ասում են, թե Գագիկ Ծառուկյանի կողքին են, սակայն իրականում նրանք բավարարվեցին միայն հայտարարություններ տարածելով, այլ ոչ թե անձամբ, ֆիզիկական ներկայությամբ նրան սատարելով: Տպավորություն է, որ իշխանության դեմ պայքարը նրանք պատկերացնում են հայտարարություններով կամ սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրելով: Ընդ որում, նկատենք՝ ընդդիմադիրները, ոգեշնչված նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին տարած հաղթանակով, կարծում են, թե օնլայն պայքարով իրենք էլ իշխանության կգան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը սկսեց հաղթել այն ժամանակից, երբ քայլ արեց և քաղաքացիներին էլ ստիպեց, որ ամեն մեկն իր քայլն անի:
Ի՞նչ է կատարվում հիմա. Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ն համաձայնում է զրկել ազատությունից, սակայն ընդդիմությունը «քայլում է»՝ համացանցում հայտարարություններ տարածելով: Իրականում հասկանալի է, որ նրանք վախեր ունեն, իսկ վախկոտ ընդդիմությունը, բնականաբար, չի կարող հաջողություն ունենալ: Եվ արդեն վստահաբար կարելի է ասել՝ այն կոնսոլիդացիան, ինչի մասին խոսում են, չի կայանալու: Ու մի բան էլ. նկատենք, որ այն անձինք, որոնք ցանկանում են դերակատարում ունենալ քաղաքականության մեջ, պետք է անձամբ գնան զրկանքների և լինեն ամենասուր տեղերում: Եթե մարդիկ ուզում են, իրենց տանը նստած, քաղաքական հերոսներ հռչակվել, ապա պետք է հասկանան, որ ի սկզբանե ձախողված են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: