Մինասյան. Արտակարգ դրությունը երկարացվեց՝ առանց համավարակի դեմ պայքարի կոնկրետ ծրագրի
«Երբ քննադատում ես, կարծիք ես հնչեցնում՝ իշխանության վարքագիծը միանգամից ոչ միայն մերժողական է, նաև պիտակավորում է»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա, այդ քննադատությունը, հնչեցրած այլընտրանքային կարծիքը, առաջարկությունները լսելու, քննարկելու, անգամ համաձայն չլինելու դեպքում բովանդակային հակադարձումներ իրականցնելու փոխարեն, լսվում է մերժում, արհամարհանք, պիտակավորում, արդյունքում սկսում են ձեռնարկել գործողություններ, որոնք անարդյունավետ են, դրանից հետո փորձում են գտնել մեղավորների:
«Մեղավորները դառնում են նախկինները, ժողովուրդը, տնտեսվարող սուբյեկտները, կամ այն անձինք, ում տվել ես օժանդակություն և նորից հետս ես վերցնում։
Մինչդեռ, հիմքերի հիմքն այն ծրագրերը, պատկերացումներն ու մոտեցումներն են, որոնք որպես սոցիալ-տնտեսական հակազդման միջոցառում պետք է իրականացվեր: Իսկ այդ միջոցառումները, որոնք մշակվել են և անընդհատ քարոզվում են, դրանք ոչ միայն համարժեք չէին ստեղծված վիճակին, այլև էլ ավելի են վատացնում վիճակը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Ա. Մինասյանը հիշեցրեց, որ երբ մարտի 16-ին հայտարարվում էր արտակարգ դրություն, դրանից առաջ ՀՅԴ-ն հանդես եկավ հայտարությամբ՝ կոչ անելով կառավարությանը իսկապես համատեղել բոլոր առաջարկությունները և սոցիալ-տնտեսական քաղաքականությունն իրականացնել համընդհանուր այս ծրագրերի հենքի վրա՝ նկատի առնելով մի շարք սկզբունքային հարցեր:
«Արդեն մարտի 23-ին ամբողջական 40 կետանոց առաջարկների փաթեթ դրվեց սեղանին: Առաջին կարևոր գործողությունը պետական և համայնքային բյուջեներից անիմաստ ծախսերի խնայողությունն էր, սկսած պարգևատրումներից, ներառյալ պարտադիր կուտակայինի հատկացումները, անիմաստ գնումները, ծրագրերը, որոնք պետք է դադարեցվեին, գումարները մնային պետական բյուջեում։ Երկրորդ կարևոր գործը, որ պետք է արվեր՝ բյուջեի գումարների նոր աղբյուրներ ստեղծլն էր, փնտրելն ու գտնելը: Դրանք ոչ միայն միջազգային օժանդակություններն էին կամ համայն հայության ռեսուրսի կենտրոնացնումն էր, այլև միջազգային վարկային պատրավորությունների մասով ակտիվ գործողություններն էին»,- ասաց Ա.Մինասյանը:
Արծվիկ Մինասյանի խոսքով, կառավարության հաստատած հակաճգնաժամային ծրագրերը, բացառությամբ 1-2-ի, որոնք թիրախային են եղել, մնացած բոլոր ծրագրերն անարդյունավետ էին և հանրային միջոցների փոշիացում է։
«Հարցն այն է, երբ որ կառավարությունն այսպիսի իրավիճակում պետք է որոշի, թե ինչ ծախսային քաղաքականություն պետք է իրականացնի, որոնք են գերակայությունը, պետք է առաջին երեք գերակայությունը հստակ ասեր, որ դրանց վրա է բոլոր միջոցները կենտրոնացնում: Առաջինը առողջապահականն է, այստեղ պետք է պետական ծախսումները լինեն մաքսիմալ՝ կանխարգելման, բուժման, հետբուժումային վերականգման աշխատանքների ուղղությամբ, երկրորդ կարևոր ուղղությունը, որ պետք է համարվեր որպես գերակայություն՝ պարենային անվտանգության շրջանակներում կատարվող ծախսումներն էին։
Հիմա լսում ենք տարբեր հայտարարություններ այդ մասով, բոլորը փաստարկված չեն։ Հրապարակման ենթակա չեն շատ բաներ, չի կարելի սեփական իշխանությունը պահելու գնով ամեն ինչ քողարկել, ծածկել։ Իրականում սա լուրջ ուղղություն է, որտեղ մենք չտեսանք պետության տնտեսական անվտանգության քաղաքականության կոնկրետ բաղադրիչը: Դրա դիմաց մենք տեսանք, օրինակ, գյուղատնտեսության հայտարարվող աջակցություն՝ բանկային համակարգի միջոցով ներարկել գյուղատնտեսությունը, այն համակարգի, որն այսօր գյուղացիների 80-90 տոկոսին կախվածության մեջ է դրել իրենից: Ցանկացած նման քաղաքականություն բերում էր ոչ թե այս խնդրի լուծմանը, այլ նորից ֆինանսական միջանկյալ օղակի վիճակի բարելավմանը»,- նշեց նա:
Ա. Մինասյանի խոսքով, երրորդ կարևոր ուղղությունը, որ պետք է ծախսային գերակայություն ունենար, ապահովվեր մարդկանց նվազագույն կենսապայմանները՝ ապրելու հնարավորությունը, հետևյալն է.
«Կարանտինը պետք է սահմանվեր։ Այո, ամբողջ ռեսուրսի անվազն 30-40 տոկոսի ծախսը հենց այդ ժամանակհատվածում թույլ կտար մեզ հետագայում ավելի քիչ ծախսումներով դուրս գալ այս վիճակից: Մենք հիմա հայտնվել ենք մի վիճակում, երբ արդեն ինչքան ծախսես, միևնունն է՝ արդյունավետություն չի ապահովելու, որովհետև մենք սխալ ճանապարհով դուրս ենք եկել մի անտառ, որտեղ չգիտենք՝ որն է բացատը, ելքը և անընդհատ պետք է փորձ անենք ու այդ փորձի արդյունքում անընդհատ սխալվելու ես»։
Նա ընդգծեց, որ արտակարգ դրության երկարացման այս վերջին փուլի արդյունքում չտրվեցին գնահատականներ, այն դեպքում, երբ պահանջվում էր անպայման տալ այդ գնահատականները, պատասխանատվության կանչվեին մարդիկ, որպեսզի հետագայում պատճառ դառնա ճիշտ քաղաքականություն վարելու համար, բայց տեսնում են այլ բան:
«Անընդհատ տեսնում ենք հասարակության ուշադրության շեղման գործողություններ, արտակարգ դրության երկարացում՝ առանց որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագիր, բայց դիմացը տեսնում ենք քաղաքական իրավունքների մասսայական ոտնահարում, քաղաքական բոլոր զարգացումների հնարավոր ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ:
Չի կարող մեր երկիրն այլևս զարգացում ունենալ, եթե իշխանության մերժողական, արհամարհական, ոչնչացման վարքագիծը շարունակվի պահպանվել, իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ու ծրագրերը մնան այսպես անատամ մակարդակում, ոչ թիրախային մակարդակում և հասարակության այն հատվածն էլ, որը իսկապես պետք է տեր լինի իր ապրելու իրավունքին, պետք է լինի պահանջատեր և այս իշխանություններին, եթե այլևս իրավիճակի չեն ընկալելու, հասկանալու, օր առաջ փոխել, տուն ուղարկել, ձևավորել նոր իշխանություն, որն ունակ է այս ամեն ինչը հասկանալու, ընկալելու։ Հասարակության գիտակից հատվածը գոնե ընկալի այս ամենը, հասկանա, որ եթե ինքը չմիավորվեց, պահանջատերը չեղավ իր ապրելու իրավունքի համար, վաղը կորցնելու է նաև ապրելու հույսը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչ Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Ո՞վ է պարետը, որ մի հատ էլ կանոններ սահմանի
- Արսեն Բաբայան. Այս իշխանության օրոք ՀՀ-ում իրավունք, օրենսդրություն մինչև վերջ ապականվել է
- Արման Սաղաթելյան. Երկրում իրավիճակ է, երբ փորձագիտական պոտենցիալի զգալի մասը պետական կառավարման համակարգից դուրս է
- Հրանտ Բագրատյան. Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է
- Իրավապաշտպան. Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը
- Մելքումյան. Եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ
- Թևանյան. Աղքատության խորացումն ակնհայտ է դարձել