Արման Սաղաթելյան. Երկրում իրավիճակ է, երբ փորձագիտական պոտենցիալի զգալի մասը պետական կառավարման համակարգից դուրս է
«Հայաստանում կորոնավիրուսի վարակի դեմ տարվող աշխատանքն ամբողջությամբ տապալված է։ Այդ ամենում, անշուշտ, մեծ տեղ ու նշանակություն ուներ տեղեկատվական աշխատանքի առանձնահատկությունները»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
Նա նշեց, որ վերջերս ձևավորվել է թյուր պատկերացում, թե տեղեկատվական աշխատանքն անընդհատ կոնտեկտ գեներացնելն և հեռարձակելն է։
«Անշուշտ, կոնտենտի արտադրությունը, հեռարձակոմը տեղեկատվական աշխատանքի մաս է, բայց տեղեկատվական աշխատանքը պետական կառույցների մասշտաբով և պետության կառավարման տեսանկյունից լսելու ունակությունը և մշտադիտարկման արդյունքում գոյացող տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունն է»,- ասաց Ա. Սաղաթելյանը։
Նրա խոսքով, երկրում իրավիճակ է, երբ զգալի, եթե ոչ մեծամասամբ փորձագիտական պոտենցիալը պետական կառավարման համակարգից դուրս է. «Բազմաթիվ մասնագետներ, որոնք ունեն գիտելիք, փորձ, նույնպես դուրս են պետական կառավարման համակարգից։ Հաճախ ենք լսում, որ այսօր գործ ունենք անփորձ, գիտելիք, պատկերացում չունեցող կառավարիչների հետ։ Եթե այդպես է, մարդիկ, որոնք ունեն այդ պատկերացումն ու գիտելիքները, պարբերաբար հանդես են գալիս հանրայնորեն, ներկայացում իրենց կարծիքներն ու դիրքորոշումները։
Այդ կառույցների աշխատանքը պետք է առաջին հերթին կենտրոնացված լինի մոնիտորինգային գործընթացի վրա, որը միջազգային մամուլում, տեղական լրատվամիջոցներում արդեն փետրվարից, կհիշատակեմ 7-8 փորձագիտական բնույթի ելույթներ, հարցազրույցներ, երբ բարձրացվում էին կենսաբանական անվտանգության վերաբերյալ կարևոր հարցեր, ահազանգեր էին հնչում, թե ինչպիսին է մեր ռազմավարությունը այս մարտահրավերի հաղթահարման ճանապարհին։ Դա արվե՞լ է։ Արդյո՞ք այդ տեղեկանքները կազմվել են։ Առնվազն երեք կառույց հիշատակեմ, որոնք պարտավոր էին այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքել ու զեկուցել որոշում կայացնողներին՝ անվտանգության խորհուրդ, առողջապահության նախարարություն, կառավարության տեղեկատվական ծառայություն, ավելացնեմ նաև պետանվտանգության բլոկը։ Ի՞նչ ջանքեր են գործադրել, որպեսզի գիտելիքի, փորձի պակասը գոնե համալրեն այդ աղբյուրներից։ Արվել՞ է այդ աշխատանքը։ Չգիտեմ։ Դատելով այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում, կամ այդ աշխատանքը պատշաճ ձևով չի կատարվել, կամ կատարվել է և որոշում կայացնողներն արհամարհել են, չեն ուզել ծանոթանալ այլընտրանքային կարծիքներին։
Իսկ կառույցները, այդ թվում պետական կառավարման համակարգի, որոնք կոչված էին այդ կարծիքները ուսումնասիրել, մշտադիտարկել, կազմակերպել տեղեկանքներ, ըստ օդում կախված լուրերի դրա փոխարեն զբաղված էին այդ կարծիքներ հայտնողներին վարկաբեկելով, հայհոյելով, պիտակավորելով և այլ բնույթի նմանատիպ աշխատանքով»,- ասաց Արման Սաղաթելյանը։
Այնուհետև նաև անդրադարձավ մարտի 16-ին ընդունված փաստաթղթին, որտեղ, նրա խոսքով, լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումների, արգելքների, ռեպրեսիվ մեխանիզմների նկարագությունները շատ էին։
«Դրանք լուրջ անհանգստություն և դժգոհություն առաջացրեցին թիվ մեկ դաշնակիցների՝ ԶԼՄ-ների ու լրագրողների մոտ։ Փոխանակ փորձեին երկխոսության, վստահության միջոցով ձևավորել միջավայր, որը հնարավորություն կտար պատշաճ տեղեկատվական, քարոզչական աշխատանք կատարել, խիստ սահմանափակումներ մտցրեցին, որոնք ողջամտությունից դուրս էին։ Հետո ստիպված եղան վերանայել այդ փաստաթուղթը, բայց հարաբերություննրը փչացրեցին»,- ասաց նա։
Ա. Սաղաթելյանը հիշեցրեց 2016 թ. Ապրիլյան պատերազմը, երբ Ադրբեջանն այդ ժամանակ տեղեկատվական դաշտում գնաց արգելքների, սահմանափակումների ճանապարհով, հայկական կողմը գտնվեց խոհեմ ու ողջամիտ գործեց, հակառակ ճանաարհով գնաց, ինչից և շահեց՝ առավելություն ունենալով միջազգային տեղեկատվական դաշտում։
«Արդյո՞ք այդ ժամանակ խնդիրներ չկային, արդյո՞ք որոշումներ կայացնող մարդիկ չէին գիտակցում, որ նույնիսկ մեր թիկունքում, մեր երկրում գործում էր 5-րդ շարասյուն, որը ոչ միայն թարգմանում էր ադրբեջանական քարոզչական թեզերն ու տարածում հայկական միջավայրում, հորինում էր առանձին վերացրած միֆեր, օրինակ, որ փամփուշտ չկար, զինվորները սովից խոտ էին ուտում, գլխավոր շտաբի պետը բիլիարդ էր խաղում, իսկ տանկերի մեջ վառելիքի փոխարեն ջուր էր։ Այդ միֆերը ապրիլյան հանձնաժողովի գործունեության արդյունքում, ի պատիվ իրենց, պարզվեց, որ բոլորը մտացածին էին, նպատակն էր խանգարել, կաշկանդել իշխանությանը, խոցելի դարձնել հայկական կողմին այդ հակամարտության ժամանակ»,- ասաց նա։
Ըստ նրա, այսօր այդ ճանապարհով չգանալը բերել է բացասական հետևանքների։ Նա նշեց, որ կառավարության վերջին մեկ ամսվա գործողությունները, ըստ պարունակության, բավականին ողջամիտ են, բայց անտեղի ու ժամանակավրեպ. «Վազում ես երեք անգամ առաջ, արդյունքում հետ ես մնում, որովհետև այդպիսին է գիտությունը։ Կարող ես չլսել քննադատություն, արհամարհել ամեն բան, բայց գիտության դեմ գնալ հնարավոր չէ»։
Մեկ այլ օրինաչափության համաձայն, նրա խոսքով, չափազանց կարևոր ու հիմնական ազդեցություն է թողնում առաջին հաղորդագրությունը. առաջին ասած խոսքն է ամրագրվում հանրային գիտակցության մեջ որպես կարևոր, իսկ հետո ասված խոսքերն այդքան չեն արժևորվում հանրային ընկալման տեսանկյունից։
«Ո՞րն էր առաջին այդ մեսիջը, որը հանրությունը լսեց՝ կորոնավիրուսն ում շունն է, առանձնապես վտանգավոր վիրուս չէ, առանձնահատուկ միջոցառումների կարիք չկա, դիմակ կրել կարելի է, առանձապես կարևոր չէ։ Երբ վիճակը վատացավ, գոցե հասկացան, որ սխալ են գործել, սկսեցին փորձել շտկել, բայց հետագա ջանքերն այդ արդյունքը չեն տալիս, ինչպես առաջին 20 տոկոսը, երկրորդ՝ առաջին հաղորդագրությունն է կարևոր։ Առաջին մեսիջը, որը գնացել է զանգվածներին, ձևավորել է ոչ լուրջ վերաբերմոնք վտանգի նկատմամբ»,- նշեց նա։
Ա. Սաղաթելյանի կարծիքով, նաև այս երկու էլեմենտի՝ ջանքերի գործադրման ոչ համաչափ գործողությունների և առաջին հաղորդագրության մեջ սխալվելը բերեց այս վիճակը։
«Եթե տեղի է ունենում որևէ մասնավոր կառույցի, ընտանեկան բիզնեսի պարագայում, այլ խնդիր է, իսկ երբ դա վերաբերվում է վստահված երկրին ու երկրի բնակչությանը, չիմացությունն ու նման կերպ վարվելն արդեն սկսում է հանցավոր տարրեր պարունակել, առավել ևս երբ խոսքը վերաբերում է հարյուրավոր մահերի ու հազարավոր հիվանդների։ Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Արման Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյան. Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է
- Իրավապաշտպան. Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը
- Մելքումյան. Եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ
- Թևանյան. Աղքատության խորացումն ակնհայտ է դարձել