ԲՀԿ-ն նախաձեռնում է և՛ քննիչ հանձնաժողով ստեղծել և՛ ՍԴ դիմել. Տոնոյան
«Մենք արձանագրում ենք օրեցօր վատթարացող դեպքեր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման տեմպերին։
Նրա խոսքով, մենք ոչ միայն տարածաշրջանում ենք անմխիթար վիճակում, այլ նաև աշխարհի համամասնության մեջ մեկ մլն բնակչության հաշվարկով ենք ամենավատ ցուցանիշն արձանագրում։
Ըստ պատգամավորի, երկրում գրանցված հարյուրավոր մահերը կապված են նաև նրա հետ, որ քաղաքացիները դիմում են բուժհաստատություններ և վերջիններիս ծանրաբեռնվածության պատճառով նրանց չեն ընդունում. նման դեպքերի պատճառով երկու մահ է արձանագրվել։
«Այսպիսի խնդիրները բազում են և պատասխանատվության հարց կա։ Մենք դեռևս տասը օր առաջ պարետատուն գրավոր դիմում ենք ուղարկել, որով ուզում ենք հասկանալ և մեր ժողովրդին ներկայացնել՝ ինչ գործողություն է ծավալել պարետատունը, ինչ միջոցառումներ է իրականացրել, միջազգային կառույցների հետ ինչպես է համագործակցել, և դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված միջոցներն ինչ նպատակի է ծառայեցրել։ Այս հրատապ հարցապնդման պատասխանը մենք դեռ չենք ստացել»,- շեշտեց պատգամավորը։
Նա վստահեցրեց՝ իրենք առավելագույնն են անելու՝ այս վիճակին հանգուցալուծում տալու համար։
Նա տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողով է ձևավորելու, որտեղ հանգամանալից քննարկվելու են բոլոր անգործությունները, և ոլորտը ձախողած մարդիկ գալու և ներկայացնելու են իրական վիճակագրական տվյալները։
Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու։
«Առաջին՝ կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման և ընդհանուր աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությամբ ենք հանդես գալու, և երկրորդ՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման արգելքի հետ կապված որոշման իրավաչափությունը։ Այսինքն՝ քննիչ հանձնաժողով են ստեղծում և դիմում ենք ՍԴ, այս երկու քայլերն հենց այսօր անելու ենք»,- շեշտեց պատգամավորը։
Նա նշեց, որ իրենք իրենց միանալու կոչ են անում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որպեսզի անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքվեն։
«Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, և պարտավոր ենք պարզել՝ արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարելու գործընթացն արդյունավետ է կազմակերպվում, և արդյոք կառավարությունն ու պարետատունը իրավաչափ և ժամանակին գործողություններ են իրականացնում»,- նշեց Ի. Տոնոյանը։