Կկարողանա՞ն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները ստանալ իրենց կենսաթոշակները
«Դեռ ապրիլի սկզբին նամակ են հղել Ձեզ արտասահմանում գտնվող մեր հայրենակից կենսաթոշակառուների՝ կենսաթոշակ ստանալու իրավունքի հետ կապված»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին։
Պատգամավորի խոսքով, կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքների բերումով՝ արտերկրում գտնվող մի շարք կենսաթոշակառուներ չեն կարողանում գալ ՀՀ և բանկ ներկայանալ, որպեսզի կենսաթոշակ ստանան։
«Իմ հարցին ի պատասխան դուք ինձ ներկայացրել եք օրենքի դրույթները, որ այդ մարդիկ պարտավոր են գալ և ներկայանալ բանկ։ Ինձ համար տարօրինակ էր ստանալ այդ պատասխանը։ Բայց և այնպես. փոխարենը լուծում առաջարկեք, որ այդ մարդկանց համար բանկ ներկայանալու ժամկետները նույնպես երկարաձգվեն, դուք նշում եք, որ 12 ամսվա ընթացքում երբ էլ գան, նրանք կարող են իրենց չստացված ամիսների համար նախատեսված կենսաթոշակը ստանալ։ Այսինքն՝ դուք ենթադրություն եք արել, տիկին Բաթոյան, որ նրանք այդ գումարի կարիքը չունե՞ն, և կարո՞ղ են սպասել: Դա որքանո՞վ է վավեր ենթադրություն, և ինչո՞ւ է խտրականություն դրվում արտերկրում և ՀՀ-ում ապրող կենսաթոշակառուների միջև»,- հարցրեց Մանե Թանդիլյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Զարուհի Բաթոյանը նշեց, որ համաճարակով պայմանավորված կառավարությունը որոշակի փոփոխություններ արել է թոշակառուների՝ բանկ ներկայանալու ժամկետների հետ կապված։
«Եթե Ձեզ համար տարօրինակ է իմ պատասխանը, ինձ համար առավել տարօրինակ է Ձեր հարցը, քանի որ դա օրենքի դրույթ է, և օրենքով պայմանավորված՝ քաղաքացին պետք է գտնվի ՀՀ-ում, որպեսզի կարողանա կենսաթոշակ ստանալ։ Եվ քանի որ բանկ ներկայանալու պահանջը վերաբերում է ՀՀ-ում գտնվող կենսաթոշակառուներին, մենք նրանց համար ենք այդ պահանջը վերացրել։ Եթե մենք ճշտում ենք, որ քաղաքացին ՀՀ-ում է գտնվում, այդ դեպքում ենք բանկ այցելելու ժամկետը երկարաձգում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ՝ ՀՀ քաղաքացիները կենսաթոշակ ստանալու համար պիտի առնվազն մեկ տարի գտնվեն երկրում»,- մեկնաբանեց նախարարը։
Մ. Թանդիլյանն էլ արձագանքեց՝ բնական է, որ օրենքի պահանջն է այդպիսին, բայց քաղաքացիները ՀՀ չեն կարողանում գալ՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով.
«Իսկ եթե քաղաքացին 12 ամիս բանկ չի ներկայանում, պետք է գումարը կորի՞։ Հարցին լուծում տվեք»։
Զ. Բաթոյանն էլ արձագանքեց՝ եթե կառավարությունը գտնի, որ այս իրավիճակն ավելի երկար կձգվի, և ավելի երկարաժամկետ լուծման կարիք կլինի, ապա հարցը գուցեև քննարկվի.
«Ամեն դեպքում, անկախ նրանից, թե երբ կներկայանա քաղաքացին բանկ, նա նախորդ 12 ամիսների կենսաթոշակը կստանա»։