Քաղաքագետ. Թվերը մեզ մոտ աղետալի են
«Այսօր մեր հասարակության խնդիրն այն է, թե ինչպես կորոնավիրուսը մեզ մոտ այս աստիճան տարածվեց, թվերն աղետալի են»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը:
Նրա նեկայացրած թվերի համաձայն, ՀՀ-ն հունիսի 16-ի դրությամբ վարակի տարածման առումով 14-րդ տեղում է, Ադրբեջանը 71-րդ տեղում, Վրաստանը՝ 140-րդ, այսինքն՝ Վրաստանից մոտ 27 անգամ ավելի շատ է վարակի տարածքը ՀՀ-ում. Հայաստանում Վրաստանի համեմատ դեպքերը 120 անգամ ավելի են։
Քաղաքագետի խոսքով, տարբեր պատճառներ են բերվում, այդ թվում, որ այս իշխանությունն ուշացրեց միջոցառումները, «այո»-ի քարոզարշավի ընթացքում հանրահավաքների ժամանակ տարածվեց. «Այդտեղ միանշանակ ճշմարտություն կա։ Բայց ասել, որ դրա պատճառով Վրաստանից 120 անգամ ավելի շատ եղավ մեզ մոտ, մեղմ ասած, ճիշտ չէ։ Տեսակետ կա, որ մեր կենցաղային կուլտուրան ցածր մակարդակի է, բայց ես համաձայն չեմ, որ վրացիները մեզանից 120 անգամ բարձր որակի ժողովուրդ են»։
Ե. Բոզոյանն այնուհետև հարցադրում արեց, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում նման խայտառակ ցուցանիշներ են. «Շատերն ասում են՝ ուրիշ տեղերում կեղծում են թվերը։ Հիմարություն է։ Կարող ենք համարել 10-20 տոկոսով կեղծում են, նաև մեզ մոտ, բայց ասել ամբողջ աշխարհը կեղծում է, իսկ մենք՝ ոչ, այստեղ որևէ մեկը չի համաձայնվի այդ վարկածին:
Մենք երեկվա դրությամբ զիջում էինք միայն Իսպանիային և ԱՄՆ-ին, մենք անգամ առաջ ենք անցել այնպիսի երկրներից, ինչպիսին են Շվեդիան, Բելառուսը, որտեղ կարանտին չի իրականացվել:
Իմ եզրակացությամբ՝ գլխավոր պատճառն այն է, որ մեր երկրում ունենք խորը պառակտված հասարակություն։ Ես համաձայն եմ, որ կորոնավիրուսը յուրօրինակ պատերազմ է, սա պատերազմ է, որտեղ տեսանելի չէ թշնամին:
Պատերազմում այն երկիրը, ժողովուրդը որը կոնսոլիդացված է պայքարում, հաղթելու շանս ունի։ Իսկ պառակտված երկիրը դատապարտված է պարտվելուն։ Մեզանից ավելի վատ վիճակում են Բրազիլիան, ԱՄՆ-ն, որովհետև այդ երկրները պառակտված վիճակում են։ Կան այլ պատճառներ ևս, օրինակ առողջապահության նախարարությունն ավելի վատ է աշխատում, քան հարևաններինը, մեր պարետն ավելի վատ է աշխատում, քան հարևաններինը և այլն, բայց չեմ կարող ասել, որ մեր պաշտոնյաները 120 անգամ ավելի վատ են աշխատում, քան Վրաստանինը»։
Քաղաքագետի խոսքով, Հայաստանի այսօրվա ղեկավարը չի կարող կոնսոլիդացնել հասարակությունը. «Նա չի ընդունում, որ կարող է լինել ընդհանրապես քաղաքական ընդդիմություն, սուբյեկտներ, համարում է՝ քանի որ հանրության կողմից ինքն ունի բացարձակ վստահություն, ապա այդ դեպքում վարչապետին չի կարող լինել ընդդիմություն, այդ ընդդիմությունն անօրինական է, լեգիտիմ չէ, քանի որ լեգիտիմ չէ, ուրեմն թալանչի է, մարդասպան է, փչացած է կամ թալանչիների ներկայացուցիչներ են։
Եթե երկրի ղեկավարի գլխավոր խնդիրը պայքարել ու ձերբակալելն է իր գլխավոր ընդդիմախոսին, դա պրոեկցվում է նաև հասարակության վրա։ Իսկ կորոնավիրուսի խնդիրը, վիրուսի դեմ պայքարը ստորադասվում է, դրա համար Հայաստանն աղետալի վիճակում է, հայտնվել է այն երկրների ցուցակում, որոնք դատապարտված են հումանիտար աղետի զուտ այն պատճառով, որ երկիրն ու վերանախավը պառակտված են»։
Հարակից հրապարակումներ`
- Մինասյան. Արտակարգ դրությունը երկարացվեց՝ առանց համավարակի դեմ պայքարի կոնկրետ ծրագրի
- Ռուբեն Մելիքյան. Ո՞վ է պարետը, որ մի հատ էլ կանոններ սահմանի
- Արսեն Բաբայան. Այս իշխանության օրոք ՀՀ-ում իրավունք, օրենսդրություն մինչև վերջ ապականվել է
- Արման Սաղաթելյան. Երկրում իրավիճակ է, երբ փորձագիտական պոտենցիալի զգալի մասը պետական կառավարման համակարգից դուրս է
- Հրանտ Բագրատյան. Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է
- Իրավապաշտպան. Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը
- Մելքումյան. Եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ
- Թևանյան. Աղքատության խորացումն ակնհայտ է դարձել