Քննարկվում է Մայր տաճարի որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդիրը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովի օրակարգում ընդգրկված էին համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին, հոգևոր կրթական հաստատություններին, Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին և ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից հայրենիքում իրականացվող սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց է ներկայացրելՄայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեղեկացվել է, որ Մայր Աթոռի միջոցներով, սփյուռքի թեմերից, բարերարներից և հիմնադրամներից ստացված գումարներով ծրագրեր են իրագործվել սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտում, որոնց մասին պարբերաբար պատշաճ կերպով իրազեկվում է հանրությանը։
Ծանուցվել է Վեհափառ Հայրապետի մասնավոր տնօրինությամբ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքներին ցուցաբերված զորակցության մասին։
Մասնավոր քննության առարկա է դարձել տաճարի որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդիրը։ Այդ առնչությամբ տեղեկացվել է, որ աշխատանքը ժամանակատար է, քանի որ ենթադրում է որմնանկարների առանձնացում ծեփերից, շինաշխատանքների ավարտին վերատեղադրում և նորոգություն։
Ժողովականներին Մուշեղ եպիսկոպոսի կողմից նաև ամփոփ տեղեկություններ են փոխանցվել Մայր տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ընթացքի, հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի գործունեության մասին։
Ծանուցվել է, որ պայմանավորված ներկա իրավիճակով հանգանակությունների գործընթացը կանգ է առել և առ այսօր հավաքագրվել է նորոգության համար անհրաժեշտ գումարի մեկ երրորդը։
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ ամփոփ տեղեկություններ փոխանցելով աշխատանքային թեմատիկ հինգ ենթախմբերի հանդիպումների արդյունքների մասին։ Նշվել է, որ աշխատանքային խմբի աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջադրված հարցերը քննարկումների փուլում են։
Վերջում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ժողովականներին օգտաշատ քննարկումների համար։ Վեհափառ Հայրապետը կարևոր է նկատել դժվարին այս ժամանակաշրջանում Եկեղեցու կողմից ժողովրդին ցուցաբերվող զորակցությունը։ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Մայր Աթոռը շարունակելու է հորդորել եկեղեցականներին իրենց օգտակարությունը բերել ինչպես հայրենիքի, այնպես և հայոց սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման և ազգային միասնականության ոգու զորացմամբ առկա խնդիրների հաղթահարման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին