Նիկոլ Փաշինյանի օրակարգում է Ադրբեջանի ժողովրդի հետ անմիջական խոսելու տարբերակը
«Իմ կոչը Ադրբեջանի նախագահին մնում է նույնը՝ կառուցողական մոտեցում զուցաբերել և ի վերջո հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողվրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, որովհետև ուրիշ բանաձև չկա»,- խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին հարցին:
Ըստ վարչապետի, 2018 թվականից այն բովանդակությունը, որը Հայաստանի կառավարությունը դրել է ղարաբաղյան հիմնահարցի և տարածաշրջանի քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա, որը տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որը շատ երկար ժամանակ Ադրբեջանը վարում է, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա:
Փաշինյանի խոսքով՝ այդ ռազմաշունչ հայտարարությունների նպատակն այն է, որ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով:
«Քանի որ հայ ժովովուրդը վախերի պրիզմայով՝ առավել ևս Արցախի հարցի ընկալման սովորություն, մշակույթ չունի և ընդհանրապես նման բանը բացառվում է և մենք ասել ենք, որ բացառվում է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որևէ սպառնալիքի ներքո»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը դրանից այնպիսի տպավորություն ունի, որ ոչ արդյունավետ ռազմաշունչ հայտարարությունները հայտնվում են տեղապտույտի մեջ և Ադրբեջանի իշխանությունն իր ժողովրդին խնդիր ունի բացատրելու, որ այս 15 տարիների ընթացքում այդ հայեցակարգով առաջ են գնում, ինչո՞ւ արդյունքի չեն հասնում:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման տեղապտույտի դեպքում չի բացառում, որ եթե երկխոսությունը Ադրբեջանի վերնախավի հետ չի ստացվում, կարելի է անմիջապես խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ և այդ հնարավորությունը կառավարության օրակարգում միշտ կա:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանագետ. Հակազդման գործողություններն արդեն ուշացել են, բայց միևնույնն է՝ պետք են
- ԱԺ նախագահը ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստին ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա
- Արցախը հետամուտ է լինելու իր տարածքների՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայի դադարեցմանը. ԱՀ ԱԳՆ