Ռուբեն Մելիքյան. Ո՞վ է պարետը, որ մի հատ էլ կանոններ սահմանի
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց 2015 թվականի մի ձայնագրության մասին, որտեղ մի մարդ, որն, իր խոսքով, ենթադրաբար Նիկոլ Փաշինյանն է, հավաքների ազատության մասին է խոսում։
«Նա «Հավաքների ազատության մասին» օրենքը ձեռքին մեջբերում է այն հոդվածը, որ եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը։ 2015 թվականին ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, շնորհակալ ենք, որ 2015-ից մեր այսօրվա մոտեցումը պաշտպանում է»,- նշեց նա։
Այնուհետև բացատրեց, թե որն է այդ գաղափարի իմաստը. «Հանդուրժման սկզբունքն է, որն ասում է՝ եթե հավաքը խաղաղ է, չի կարող պետությունը գալ, ցրել, մարդկանց գողանալ, տանել, ձերբակալել, քաշել, վնասվածքներ հասցնել։ Այս երեսպաշտության վրա իսկապես զարմացած եմ։ Նույն մարդիկ էին, է»։
Ռ.Մելիքյանը նշեց, որ ոստիկանների միջամտությունը մեծացնում է համաճարակային վտանգը։
«Հանդուրժման սկզբունքը պահանջում է, որ ոստիկանները ձեռնպահ մնան հավաքին միջամտելուց, եթե խաղաղ է, իսկ այս վերջին օրերին հավաքների հետ կապված որևէ մեկը որևէ նկատառում չէր արել խաղաղ լինել - չլինելու հետ կապված, մարդիկ ֆանտաստիկ կարգապահություն էին դրսևորում, որքան էլ ոստիկանական ուժերը սադրում էին իրենց անհամաչափ գործողություններով։
Կորոնավիրուսի պայմաններում ոստիկանները ոչ միայն սադրիչներին պետք է հանեին քաղաքացիների շարքերից, նաև սոցիալական հնարավորություն տային, իսկ իրենք տանում, լցում էին շենքերի բակերում։ Պետք է տարածք տային մարդկանց»,- ասաց իրավապաշտպանը։
Անդրադառնալով պարետի գործունեությանը, Ռ. Մելիքյանն ասաց, որ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ, նաև Սահմանադրությամբ են սահմանվում նորմատիվ իրավական ակտեր կայացնող մարմինները։
«Ի՞նչ իրավունք ունի պարետը կանոններ սահմանել։ Մենք ի սկզբանե բացահայտել էինք, բայց կար հանդուրժողականության սպասում, հետո առաջացավ դժգոհություն։ Ո՞վ է պարետն առհասարակ, որ մի հատ էլ կանոններ սահմանի։ Այդ հարցը բարձրացվելու է իրավական ճանապարհով»,- նշեց նա։
Ռ. Մելիքյանը նաև ասաց, որ ամբողջ աշխարհում բոլոր երկրների ղեկավարություններն են իրենց քաղաքացիների առջև պատասխանատու կորոնավիրուսային ճգնաժամի արձագանքի համար՝ սկսած նախականխումից, կանխումից մինչև հետևանքների վերացում։
«Դրա համար ոտքով, գլխով ատասխանատու են յուրաքանչյուր պետության ղեկավարությունն իրենց քաղաքացիների առջև։ Առողջության պահպանման իրավունքի մասին ենք խոսում։ Միանշանակորեն առկա է կյանքի իրավունքի խնդիր։ Պետությունը պատասխանատու է առողջապահական համակարգում մահացած անձանց մահվան պատճառները քննությամբ վերհանման համար։ Մեր պետությունն օրենքով ապացույցները վերացնում է, կորոնավիրուսի պարագայում չեն իրականացնում դիահերձում։ Նույնպես խնդիր է, բայց ոչ այսօրվա, ժամանակին, վստահ եմ, բարձրացվելու է»,- ասաց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Այս իշխանության օրոք ՀՀ-ում իրավունք, օրենսդրություն մինչև վերջ ապականվել է
- Արման Սաղաթելյան. Երկրում իրավիճակ է, երբ փորձագիտական պոտենցիալի զգալի մասը պետական կառավարման համակարգից դուրս է
- Հրանտ Բագրատյան. Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է
- Իրավապաշտպան. Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը
- Մելքումյան. Եթե այս տեմպերով շարունակվի, օգոստոսին երկրում կլինի իսպառ կոլապսային վիճակ
- Թևանյան. Աղքատության խորացումն ակնհայտ է դարձել