Ֆրանսիայում բողոքի են դուրս եկել առողջապահության ոլորտի աշխատակիցները
Կարանտինայի ընթացքում միլիոնավոր ֆրանսիացիներ ծափահարում էին նրանց ՝ շնորհակալություն հայտնելով, որ նրանք պայքարում են կորոնավիրուսի դեմ առաջնագծում՝ պաշտպանելով համաքաղաքացիներին: Հիմա նրանք դուրս են եկել փողոց և ուզում են, որ լսվեն իրենց պահանջները: Այս մասին գրում է Euronews-ը։
Ֆրանսիայում բողոքի ակցիայի դուրս եկած բժիշկները, բուժքույրերը, վարչական աշխատողները, բժշկական և սոցիալական կենտրոնների աշխատողները բարձրաձայնում են, որ Ֆրանսիայի հիվանդանոցները նյութական և մարդկային ռեսուրսներ չունեն, և վերջին տարիներին հիվանդանոցների մահճակալների թիվը զգալիորեն կրճատվել է՝ ներառյալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Նրանք ներկայիս և նախորդ իշխանություններին հիշեցնում են առողջապահության ոլորտում բյուջեի կրճատման և քաղաքականության ընտրության սխալների մասին։
Բողոքի մասնակիցներն ասում են, որ հիվանդանոցներին անհրաժեշտ է անձնակազմ, իրենց անհրաժեշտ է սարքավորումներ, որպեսզի կարողանան ճիշտ աշխատել: Ասում են, որ ավելի շատ չեն վճարում գիշերային ժամերի համար, քան ցերեկային ժամերի՝ չնայած բոլորն էլ գիտեն, որ գիշերներն աշխատելն ավելի դժվար է: Եվ ընդհանրապես, աշխատանքը չի վճարվում այնպես, ինչպես պետք է:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են աշխատավարձերն ամսական ավելացնել 300 եվրոյով: Բուժքույրերից մեկն ասում է, որ 20 տարի է աշխատում է, և այժմ ամսական ստանում է 1900 եվրո՝ ընդամենը 700 եվրո ավել, քան երկրում նվազագույն աշխատավարձն է: Եվ նա միակը չէ:
Երեքշաբթի օրը տասնյակ հազարավոր բուժաշխատողներ մասնակցել են ցույցերին Լիոնում, Բորդոյում, Մարսելում և Փարիզում: Նրանք կոչ են անում կառավարությանը փոխել իրավիճակը ճգնաժամից հետո, ինչը բացահայտում է Ֆրանսիայի առողջապահական համակարգի խոցելիությունը։
Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հիվանդանոցների համար լայնածավալ ծրագիր, ներառյալ ներդրումներն ու աշխատավարձերը առողջապահական աշխատողների համար: Բանակցություններ են ընթանում, բայց ցուցարարները նշում են, որ առանձնապես հույսեր չունեն, վախենում են, որ իշխանությունները կսկսեն միայն կոսմետիկ միջոցառումներ կատարել:
Ֆրանսիացի բժիշկների ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, բացառությամբ իրավիճակը ցնցելու մի քանի փորձերի, որոնք կատարել են Փարիզում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները