Նախնական տվյալներով՝ 12 հազար մարդ պարապուրդի է մատնվել. փոխվարչապետ
«Կառավարությունն ունի՞ ռազմավարություն, թե ինչպես պետք է կորոնավիրուսի հետևանքով աշխատանքը կորցրած և հարկադրված պարապուրդի մատնված մարդկանց վիճակը բարելավի»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ դիմելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ համավարակի ընթացքում քանի՞ հոգի է կորցրել աշխատանքը. «Կա՞ վիճակագրություն, թե տարվա վերջում գործազրկության ու աղքատության ինչ մակարդակ կունենանք»։
Պատասխանելով Կարեն Սիմոնյանի հարցին՝ փոխվարչապետը նշեց, որ այս պահին վերջնական գնահատականներ տալը վաղ է։
«Այս պահին կարևոր է հասկանալ՝ քանի մարդ է պահպանել աշխատանքը, բայց չի վարձատրվել։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Արդեն երրորդ անգամ մենք դրամաշնորհային միջոցառում ենք իրականացնում, որոնց նպատակն է օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք աշխատատեղ և աշխատավարձի ֆոնդ չեն կրճատում։ Նախնական տվյալներով՝ այս պահի դրությամբ հարկադրված պարապուրդը 12 հազար մարդու է վերաբերում։ Իսկ Ձեր հարցի պատասխանն ավելի ստույգ կլինի երկու ամսից»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Այնուամենայնիվ, Կ. Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ամենահոռետեսական սցենարով ի՞նչ պատկերի պետք է սպասել. «Եթե այս դինամիկան պահպանվի, մենք ի՞նչ խնդիրների կարող ենք բախվել»։
Մ. Գրիգորյանն էլ պատասխանեց, որ մարտի 14-ից ամեն ինչ արվել է, որպեսզի աշխատատեղերի կորուստ չլինի։
«Պետական հատվածում այդ խնդիրը չկար, դա մասնավոր հատվածին է վերաբերում։ Մենք ռեսուրսներ հատկացրինք, որպեսզի գործատուն կարողանա անտոկոս վարկ վերցնել և աշխատավարձեր վճարել։ Այսինքն՝ աշխատատեղերի պահպանման ուղղությամբ ամեն ինչ արվել և արվում է։ Բոլոր միջոցառումները շարունակվում են և ուժի մեջ են։ Իսկ հասկանալու համար՝ շոկից դուրս եկա՞վ տնտեսությունը, թե՞՝ ոչ, պետք է մայիս և հունիս ամիսների տվյալները ևս ուսումնասիրել»,- եզրափակեց խոսքը փոխվարչապետը։