Կանխարգելվել է 28 նորածին երեխայի մուտքը խնամքի հաստատություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները:
Վարչապետի աշխատակզմից հայտնում են, որ նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը շարունակական բարձրացվել է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները:
Նախարարության հետազոտության և առաջարկի հիման վրա 2020 թվականից նվազագույն աշխատավարձ է սահմանվել 68 հազար դրամը: Մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, սահմանվել են ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից ֆինանսական աջակցության չափը և մեխանիզմները:
Փոփոխություններ են կատարվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում», որի արդյունքում թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին պետության կողմից տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ 250 հազար դրամի սահմաններում: 2019 թ. նշված ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվել 5 անձի։
ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով վարչապետի որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի անհատական կազմը, շուրջ 230 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք լուծարված գիշերօթիկ 3 հաստատություններից և 1 մանկատնից: 1130 երխայի ընտանիք ստացել է խորհրդատվական և բնաիրային աջակցություն՝ երեխայի մուտքը հաստատություն կանխելու նպատակով։ Կանխարգելվել է 28 նորածին երեխայի մուտքը խնամքի հաստատություն։
Ընդգծվել է, որ 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից ի վեր՝ վերջին երկու տարիների ընթացքում ոլորտի գծով բյուջետային հատկացումները շեշտակի ավելացել են՝ 75,4 մլրդ դրամով կամ 18,1 տոկոսով:
Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում հաստատվել են Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական¬ների ռազմավարությունը և միջոցա¬ռումների ծրագիրը, Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը:
Լրամշակման փուլում են 2020-2030 «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման և Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունները:
Վարչապետ Փաշինյանն, ընդհանուր առմամբ, գոհունակություն է հայտնել նախարարության 2019թ. կատարած աշխատանքից և կարևորել վերը նշված ռազմավարությունների սեղմ ժամկետներում ընդունումը, դրանց մեջ ներառված միջոցառումների և ծրագրերի ներառումը ՀՀ պետական բյուջեում: Կառավարության ղեկավարն ընդգծել է Զբաղվածության պետական գործակալության գործունեության արդիականացման անհրաժեշտությունը և զբաղվածության էլեկտրոնային հարթակի ներդրման ուղղությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունը: Վարչապետի խոսքով՝ այդ հարթակում պետք է ներառվի ինչպես թափուր աշխատատեղերի, այնպես էլ աշխատանք փնտրող քաղաքացիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մանկատների երեխաների համար բարձր որակավորմամբ կրթության ապահովումը, ինչը նրանց հետագա կյանքում կդարձնի առավել մրցունակ: Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև նախարարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներից և հանձնարարել գերատեսչության աշխատանքը հետագայում դարձնել առավել դինամիկ և ինտենսիվ: