ODI և ՅՈՒՆԻՍԵՖ. Երեխայի համընդհանուր նպաստը կարող է նշանակալիորեն նվազեցնել աղքատությունը
Երեխայի համընդհանուր նպաստը՝ առանց պայմանների դրամական կամ հարկային փոխանցումները, հասանելի են աշխարհի յուրաքանչյուր 10-րդ երկրում միայն, մինչդեռ այն մանկական աղքատությունը հաղթահարելու գործում կարևորագույն դեր ունի։ Այս մասին նշվում է ODI-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ «Երեխայի համընդհանուր նպաստ․ քաղաքականության խնդիրներն ու տարբերակները» զեկույցը փաստում է, որ եթե միջին եկամուտ ունեցող երկրներում երեխայի համընդհանուր նպաստը կազմի ՀՆԱ-ի միայն 1%-ը, ապա այն կարող է նվազեցնել բնակչության աղքատությունը 20%-ով։
Բարձր եկամուտ ունեցող 15 երկրներում երեխայի համընդհանուր նպաստի տրամադրման շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել մանկական աղքատությունը միջինը 5%-ով։ Ապացուցված է նաև, որ երեխայի համընդհանուր նպաստը բարելավում է երեխայի կյանքը, առողջությունը, կրթությունը, սննդային ապահովվածությունը, ինչպես նաև զարգացնում երեխայի՝ մեծահասակ տարիքում հասարակությանն ու տնտեսությանը նպաստելու կարողությունը։
«Երեխաների համար իրականացվող ներդրումները ոչ միայն փոխում են նրանց կյանքը, այլև նպաստում են համայնքի և ի վերջո, ամբողջ հասարակության զարգացմանը։ Այսօր, երբ կորոնավիրուսի ստեղծած տնտեսական ճգնաժամը սպառնում է աղքատության նվազեցման ուղղությամբ ձեռքբերումներին, երեխայի համընդհանուր նպաստը կարող է որոշիչ դեր ունենալ։ Դրա շնորհիվ հնարավոր է պաշտպանել խոցելի ընտանիքներին և թույլ չտալ, որ աղքատությունը խորանա, իսկ զրկանքները շատանան»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։
Նպաստների համընդհանրացումը նվազեցնում է անապահովության միավորը հաշվելու համակարգի ռիսկերը։ Սոցիալական պաշտպանության ծրագրերի համընդհանրացումը նաև օգնում է փարատել նպաստ ստանալու հետ ասոցացվող խարանը:
«Երեխայի համընդհանուր նպաստի շնորհիվ հնարավոր է նվազեցնել աղքատությունը՝ միևնույն ժամանակ նպաստելով սոցիալական համախմբմանը։ Նպաստի համընդհանուր համակարգը կիրառող երկրներում այն սոցիալական պաշտպանության ազգային համակարգի հիմնաքարային մաս է կազմում, իսկ ճգնաժամի պայմաններում բարձրացնում է սոցիալական պաշտպանության մակարդակը»,- նշում է Սառա Պանտուլիանոն՝ ODI-ի գործադիր տնօրենը։
Զեկույցի հեղինակները փաստում են, որ դրամական փոխանցումները չեն նվազեցնում վճարովի աշխատանքում ներգրավված աշխատունակ մարդկանց թիվը, այլ օգնում են ծնողներին հավասարակշռել ընտանիքի կարիքներն ու աշխատաշուկայի պահանջները։
Զեկույցում նշվում է, որ ընտանեկան և երեխայի նպաստների ծածկույթի ընդլայնումը հնարավոր է, եթե այն սահմանվում է որպես ազգային առաջնահերթություն և ունի համապատասխան ֆինանսավորում: Բայց երեխայի համընդհանուր նպաստի համակարգին զուգահեռ պետք է գործեն սոցիալական պաշտպանության համապարփակ համակարգ և որակյալ սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ առողջապահության և կրթական։
Զեկույցում նաև անդրադարձել են, թե ինչպես է հնարավոր համընդհանուր ծածկույթ ապահովել և թե ինչպես ցածր եկամուտ ունեցող երկրներում իրականացնել փոքր երեխաների համար նախատեսված փոխանցումներն ու համակարգ կառուցել տարբեր տարիքի երեխաների համար։ Օրենսդրական դաշտի համապատասխան փոփոխությունների, ֆինանսական և վարչական կարողությունների հզորացման, քաղաքական և հանրային աջակցություն ձեռքբերելու արդյունքում հնարավոր է հասնել երեխայի համընդհանուր նպաստային համակարգի ներդրմանը։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈւՆԻՍԵՖ. Հեռավար ուսուցման անհավասար հասանելիությունը սպառնում է խորացնել կրթական գլոբալ ճգնաժամը
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նախազգուշացնում են՝ պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը
- Յունիսեֆ. Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում է ինքնամեկուսացած երեխաներին ու ծնողներին զորակցելու #ՏանըՀավեսԷ թվային արշավը
- Յունիսեֆ. Դպրոցների փակման պատճառով 370 միլիոն երեխա զրկված է սննդարար կերակուրից