Կարմիր գծերը փաստացի կվերանան Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում.Սիսակ Գաբրիելյան
«Համագործակցելով ավագանու հետ, մենք եկել ենք այն եզրահանգման, որ կարմիր գծերը փաստացի կվերանան Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում, կգործեն միայն կենտրոն վարչական շրջաններում և Արաբկիրի որոշ շրջաններում»,-Խորհրդարանում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր համահեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Ըստ պատգամավորի, փոփոխություններով նախատեսված է, որ վարորդները կտուգանվեն բացառապես միայն տեսանյութի առկայության դեպքում, որպեսզի հնարավոր լինի փաստել խախտումը: Նախկինում այն արվում էր լուսանկարների միջոցով, որի արդյունքում բազմաթիվ դատական գործեր էին հարուցվում:
«Բոլոր կայանատեղերում լինելու են տեսախցիկները և վարորդը խախտում կատարելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպե տևողությամբ այդ տեսանյութը»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ բոլոր վճարովի ավտոկայանատեղիները հագեցված են լինելու տեսախցիկներով:
Սիսակ Գաբրիելյանը փաստեց, որ վճարովի կայանատեղերի համար սակագների փոփոխություն չի նախատեսվում: Առաջարկվող նախագծով բարձրանում է վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանվող տարեկան բաժանորդագրման այն գումարները, որոնք նախատեսված է կենտրոնական շրջաններում հյուրանոցների և այլ օբյեկտների դիմացի կայանատեղերի դրույքաչափերին:
Պատգամավորը հայտնեց, որ այդ գումարները սահմանվելու են ըստ գոտիների: Ներկայում մեկ տարվա համար մեքենայի մեկ կայանատեղիի դիմաց, օրինակ, հյուրանոցների համար սահմանված տարեկան 100 հազար դրամի փոխարեն /օրական 260 դրամ/, ըստ քաղաքի գոտիականության, կարող է սահմանվել մինչև 300 հազար դրամ: