Ր. Հովհաննիսյանը՝ ԵԺԿ-ում. Ավելի անաչառ մոտեցում ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման նկատմամբ
Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից։
ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկի նախագահությամբ` ժողովում ընդգրկվեծ են եղել Եվրամիության, ինչպես նաև եվրոպական գործընկեր երկրների քույր կուսակցությունների առաջնորդներ, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լատվիայի և Խորվաթիայի վարչապետները եւ Արևելյան գործընկերության հրավիրյալներ Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր նրա նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպմանը «Ժառանգությունը» ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով ԵՄ-ի և նրա արևելյան գործընկերների միջև անվտանգության և արդյունավետ կառավարման հարթություններում համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մարտահրավերներին:
Առկա լարված իրավիճակի հենքին Հովհաննիսյանը կոչ է արել ավելի ողջամիտ, անաչառ և իրավունքի վրա խարսխված եվրոպական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորման նկատմամբ և ընդգծել խնդրի խաղաղ ու արդարացի լուծման անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչման հայեցակարգի վրա:
Հարակից հրապարակումներ`
- ԵԺԿ նախագահ. Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին