Շատ և անհասկանալի ալիքներ ունենալու փոխարեն կունենանք քիչ, բայց լավ ալիքներ. Թևոսյան
«ՀՌԱՀ-ը ձեռքը պուլսին պահելու հնարավորություն պետք է ունենա»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը՝ ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օերնքի նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, 2020 թվականի հուլիսի 20-ին պիտի հայտարարվեն «Հանրային մուլտիպլեքսի» ազատ թվային տիրույթների մրցույթներ, և հունվարի մեկից հանրային հեռուստացանցը արդեն հագեցած կլինի նոր մեդիածառայություններով։
Պատգամավորը նշեց, որ գործող օրենքը այլևս չի կարգավորում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը։
Ըստ նրա, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միտված է կարգավորելու հեռուստատեսությունների և ռադիոյի ազատությունները, այնինչ գործող իրականությունում ձևավորված են լրիվ այլ համակարգեր։
«ՀՌԱՀ-ը պետք է մեդիան պաշտպանի արտաքին ճնշումներից, քանի որ ունի այդ իրավասությունը, բայց չունի հնարավորություն՝ իր իրավունքներն իրացնելու, ուստի անհրաժեշտ է նրան օժտել նաև որոշակի գործիքակազմով։ Այսօր կարգավորող մարմինը շատ քիչ լծակներ ունի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտները վերահսկելու համար»,- ասաց նա։
Վահագն Թևոսյանի խոսքով, մինչ օրս գործում է մի մեխանիզմ, ըստ որի՝ եթե կարգավորող մարմինը վատ հարաբերությունների մեջ չէ այս կամ այն քաղաքական ուժի հետ, ապա թույլ է տալիս նրան հեռուստաալիք ունենալ։
«Հիմա մենք անցում ենք կատարում ինստիտուցիոնալ կարգավորման, որից հետո մենք կունենանք մրցակցային նոր միջավայր, որտեղ տարիների ընթացքում կսկսենք տեսնել որակական փոփոխություններ։ Բովանդակային մասով մենք ունենք բանավեճ, և այս պահին ահագին թեթևացրել ենք մի հոդված, որի վերաբերյալ կային կարծիքներ, թե այն կարող է խոչընդոտել խոսքի ազատությանը»,- տեղեկացրեց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է նախագծով առաջ քաշվող ամենակարևոր փոփոխությունը։
Պատասխանելով հարցին՝ Վահագն Թևոսյանն ասաց, որ մեդիադաշտը՝ բացառությամբ առցանց մեդիայի, բերվելու է կարգավորման նոր դաշտ։
«Հարաբերությունների հստակեցումը, մոնոպոլիաների վերացումը և մրցակցային միջավայրի խթանումը հնարավորություն կտան, որ շատ և անհասկանալի ալիքներ ունենալու փոխարեն ունենանք քիչ, բայց լավ ալիքներ։ Գուցեև չքչանան այդ ալիքները։ Իսկ բովանդակության մասով պետք է այնպիսի հոդված մշակենք, որ խոսքի ազատությանը որևէ ձևով չկպնենք, բայց նաև խոսքի ամենաթողությունը հնարավոր լինի սանձել։ Չի կարող որևէ հեռուստաալիքով հնչել, որ օրինակ, կորոնավիրուսը սուտ է, դիմակ կրել պետք չէ»,- պատասխանեց նա։