Առաջարկվում է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել գրավոր տարբերակով
«Առաջարկում ենք վճռաբեկ դատարանում քննության գրավոր ընթացակարգ ներմուծելու հնարավորություն ստեղծել»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, այժմ առկա կարգավորումներով, վճռաբեկ դատարանում որոշում ընդունելու համար պետք է անպայման նիստ հրավիրվի, իսկ համավարակի պայմաններում նիստ հրավիրելը խոչընդոտներ ու արգելքներ ունի, և առաջարկվող նախագծով նախատեսվում է ներմուծել գրավոր ընթացակարգի ինստիտուտը նաև վարչական և քրեական դատավարության շրջանակներում։
«Նշեմ, որ 2018 թվականին քաղաքացիական դատավարության օրենսգրքով վճռաբեկ դատարանում արդեն իսկ ներմուծվել է գրավոր ընթացակարգի ինստիտուտը, և այն արդյունավետորեն կիրառվել է։ 2019 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահայտվածում վարույթ ընդունված բողոքներից վճռաբեկ դատարանում ավարտվել են քաղաքացիական 53, վարչական 35 և քրեական 80 գործ։ Իսկ 2020 թվականին քաղաքացիական 82 գործ է ավարտվել, այն պայմաններում, երբ քննության գրավոր ընթացակարգը առկա է։ Վարչական գործերով 4 և քրեական գործերով 49 գործ է ավարտվել այս տարի»,- ներկայացրեց Ռ. Գրիգորյանը։
Նրա խոսքով, այն բացառիկ դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում, ապա վարույթը կարող է իրականացվել նաև բանավոր ընթացակարգի միջոցով։
Տեղեկացնենք, որ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացնելուց հետո պատգամավորները որևէ հարց չուղղեցին Ռաֆիկ Գրիգորյանին։