Պատժիչ մեխանիզմներ են պետք ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների համար. Գորգիսյան
«Եթե օրենքը խախտելու համար սանկցիա չի սահմանվում, ապա այն չի գործում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օերնքի նախագծերի փաթեթին։
Նրա խոսքով, օրենքի նախագծով չի նախատեսվում ապատեղեկատվություն տարածելու համար հեռարձակողներին պատշաճ պատասխանատվության կանչել.
«Մենք խոսում ենք միայն հեռուստատեսությունների մասին, բայց նրանք ի վերջո նշաձող սահմանողներն են, և եթե մենք չենք ապահովում պատժի և պատասխանատվության կանչելու մեխանիզմներ, ապա չենք կարողանալու վերահսկողություն սահմանել։ Չե՞ք կարծում, որ կա ավելի խիստ գործիքակազմի անհրաժեշտություն»,- դիմելով պատգամավոր Վահագն Թևոսյանին՝ ասաց նա։
Պատասխանելով հարցին՝ Վ. Թևոսյանը նշեց, որ իրենք այդ խստացնող հոդվածները նախ գրել են, ապա հրաժարվել դրանից, քանի որ ՀՌԱՀ-ը կարող է ունենալ անդամներ, որոնք կարող են օգտվել հոդվածներից և սահմանափակել ԶԼՄ-ների խոսքի ազատությունը, կամ փակել ալիքները։
Ըստ պատգամավորի, հենց այդ մտավախության պատճառով են իրենք հրաժարվել այդ հոդվածները ներառելուց։
«Մենք փորձում ենք ինքնակարգավորումն ու կարգավորումը մոտեցնել իրար»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ոչ միայն ներկայացված օրենքով կարելի է դա կազմակերպել, այլ կարելի է նաև դատարան դիմել, երբ անձի մասին ապատեղեկատվություն է տարածվել.
«Առաջին հերթին պետք է ապացուցենք, որ մենք վիրավորվել ենք, հետո պիտի փորձենք ապացուցել, որ մենք ճիշտ ենք։ Այդ ամենից հետո կարող ենք մինչև 2 մլն դրամ գումար պահանջել՝ որպես հատուցում։ Իսկ հիմա ցանկացած օլիգարխ կարող է բացել իր լրատվական կայքը, և ապատեղեկատվություն տարածել՝ պատրաստ լինելով ամսական 2 մլն դրամ տրամադրել՝ յուրաքանչյուրի մասին հերյուրանք տարածելու համար։ Մենք չունենք պատշաճ պատժի մեխանիզմներ»։
Ի պատասխան Վահագն Թևոսյանը նշեց, որ առնվազն 98%-ով համաձայն է Գորգիսյանի հետ։
«Եթե այդ էթիկական նորմերի վերահսկումը տալիս ենք կարգավորող մարմնին, առաջ է գալիս վտանգ։ Եթե մարդն իրեն տվյալ նյութից վիրավորված չի համարում, հանձնաժողովը չի կարող որոշել՝ մարդը վիրավորվել է, թե ոչ։ Ուստի մարդն ինքնուրույն պետք է կանգնի և ասի՝ ես վիրավորված եմ»,- եզրափակեց խոսքը Վահագն Թևոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան