Գինով ու լուղով լվացված, գազարի հյութով պատրաստված ու գունավոր պանիրներ՝ Ջավախքից
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի Սուրբ Նինոյի վանքում արտադրվում է 18 բացառիկ պանրատեսակներ՝ վերականգնելով Ջավախքի հնագույն պանրատեսակները: Jnews-ը գրում է, որ այստեղ պանիրներին վերաբերում են ոչ թե պարզապես կաթնամթերքի արտադրության, այլև որպես առանձնահատուկ մի բանի:
Ջավախքի բնության բնական մթերքներից միանձնուհիները պատրաստում են ինքնատիպ, յուրօրինակ պանիրներ: Սեփական պանիրի պատրաստման բաղադրատոմսով և տեխնոլոգիայով այստեղ հեշտությամբ չեն կիսվում:
Վանքի բրենդային պանիրներն են՝ «Կարմիր Աբուլը», «Սպիտակ Աբուլը», «Փոկան», «Մունսին», «Ֆոլեն» շագանակի տերևներում, բորբոսապանիրը և այլն: «Փոկա» պանիրը պատրաստվում է գազարի հյութով, «Կարմիր Աբուլը» պապրիկայով (քաղցր պղպեղ), իսկ «Սպիտակ Աբուլը» քունջութով, շաբաթը երկու անգամ «Կարմիր Աբուլը» լվանում են կարմիր գինով, իսկ «Սպիտակ Աբուլը»՝ սպիտակ գինով: «Փոկա» պանիրը լվանում են յուղով:
«Մեր բոլոր բաղադրատոմսերը և մեր պանիրները համեմված են և շատ համեղ են: Պանիրները պատրաստում ենք ձեռքով, ամեն օր 50 լիտր կաթ ենք վերամշակում, պանիրները պահում ենք սառնարանում՝ համապատասխան ջերմաստիճանում: Ալպիական կաթ է և պանիրն էլ ալպիական խոտաբույսերից է: Կա պանիր, որը պատրաստում ենք 14 ամսվա ընթացքում, 11 ամսվա ընթացքում, նաև կա պանիր, որը պատրաստվում է 2 տարում», – ասում է միանձնուհի Ռաքելը:
Պանիրները սառնարանում պահվում են +6 ջերմաստիճանում: Պանիր պատրաստելու ամբողջ գործընթացը կատարվում է ձեռքով:
Կապույտ պանիրն ունի յուրահատուկ համ ու հոտ: Ջավախքում դեռ վաղ ժամանակներից մառաններում պատրաստել են բորբոսապանիր (հորած պանիրների կարգին պատկանող «կապույտ պանիր»): Վանքում վերականգնվել են Ջավախքի ավանդույթները` օգտագործելով եվրոպական տեխնոլոգիաները:
Փոկա գյուղի միանձնուհիների մենաստանը հիմնադրվել է 1992-ին: Միանձնուհի Շուշանիկի խոսքով, 1988 թվականին Պատրիարք Իլիա 2-րդը տուն է գնել և մենաստանի կառուցման հիմքը դրել:
Միանձնուհի Շուշանիկն ու միանձնուհի Ռաքելը հիմնադրման օրվանից ապրում և աշխատում են մենաստանում:
«Իլիա Երկրորդի կողմից տունը գնելուց հետո մենք այստեղ ենք ապրում, Պատրիարքը նույնպես համարվում է Փոկա գյուղի բնակիչ: Երբ հիմնեցինք վանքը, մտածում էինք, թե ինչով կարելի է զուգահեռ զբաղվել, նայեցինք, թե ինչ են անում տեղացիները, նրանք «կանաչ լոռ» պանրատեսակն են պատրաստում այստեղ, և միտք առաջացավ պանիրներ պատրաստելու գաղափարը: Մեր պանիրները շատ թանկ են, և մենք անընդհատ աշխատում ենք նոր տեսականի ստեղծելու ուղղությամբ: Պատրաստման տեխնոլոգիաները Ֆրանսիայում սովորեցինք, եկանք այստեղ, ստեղծեցինք մեր բաղադրատոմսերը, անունները, ընտրեցինք այնպիսի անուններ, որոնք կնպաստեին Ջավախքի հանրաճանաչմանը», – ասում է միանձնուհի Շուշանիկը:
Վանքն ունի 10 կով, պանրի արտադրությամբ զբաղվում են 2 միանձնուհի, բայց վանքում 7 միանձնուհի է ապրում և աշխատում: Նրանք իրենց պատրաստած կաթնամթերքը վաճառում են վանքում և Թբիլիսիի խանութներում: Միանձնուհի Շուշանիկի խոսքով, իրենց պանիրներն արդեն ճանաչված են, մեծ պահանջարկ ունեն, և մարդիկ նույնիսկ հատուկ գալիս են Փոկա դրանք գնելու համար:
Միանձնուհի Շուշանիկն ասում է, որ նրանց համար գլխավորը աղոթքն է, և հետո արդեն գյուղատնտեսական մթերքի արտադրությունը: Բացի պանիրներից, նրանք պատրաստում են տարբեր տեսակի շոկոլադ, տեղական ալպիական խոտաբույսերից թեյեր, մեղր, լիկյորներ և մուրաբաներ: Վանքում նույնիսկ սկսել են պատրաստել զարդեր և կարել մետաքսե շարֆեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան