ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի ծննդյան օրն է
Նկարիչ, ճարտարապետ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի ծննդյան օրն է. նա դարձավ 73 տարեկան։ Ռ. Արուտչյանը նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին նկարիչ Միքայել Արուտչյանի եղբորորդին:
Ռ. Արուտչյանը 1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ 1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թվականներին և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ:
Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռ. Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և այլ երկրներում։
2004 թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թ.՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ 2012 թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա