Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացումները ճանաչվել են հակասահմանադրական
ՀՀ սահմանադրական դատարանից տեղեկացնում են.
«Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է.
Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող: Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող»:
Սահմանդրության հիշյալ հոդվածները սահմանում են՝
Հոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Հոդված 75. Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Հոդված 78. Համաչափության սկզբունքը
Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Հոդված 79. Որոշակիության սկզբունքը
Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Հարակից հրապարակումներ`
- «Բանկային գաղտնիքի ինստիտուտը միշտ պետք է դիտարկել ֆինանսական կայունության ապահովման համատեքստում»
- «Ժողովուրդ». Իշխող խմբակցության մտահոգությունները ևս կապված են բանկային գաղտնիքի դրույթի հետ
- ՍԴ-ն քննության է ընդունել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի սահմանադրականությունը ստուգելու վերաբերյալ նախագահի դիմումը
- Նախագահը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքն ու դիմել է Սահմանադրական դատարան
- Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու»
- Կենտրոնական բանկ. Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել և մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան