Բարձրլեռնային տարածաշրջանների համար ձմռանը գազի և լույսի սակագինը պետք է իջեցնել. պատգամավոր
Խորհրդարանը շարունակում է աշխատանքները, քննարկվում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, դիմելով Կ. Սարգյսանին, ասաց՝ ՀԾԿՀ-ից մեծ ակնկալիքներ կան, որոնք պետք է առաջիկայում լուծում ստանան։
«Խնդիր կա՝ կապված ՀԷԿ-երի հետ։ Երբ թույլտվություն և լիցենզիա է տրամադրվում ՀԷԿ-երին, պետք է նաև դրանից հետո վերահսկողություն իրականացվի, թե ինչ բարեխղճությամբ են տնտեսվարողներն աշխատում։ Ես լուրջ կասկածի տակ եմ դնում այդ բարեխղճությունը։ Օրինակ, Շիրակում Մանթաշի ջրամբարը սնուցում է մի շարք բնակավայրեր՝ խմելաջրի և ոռոգման ջրի տեսանկյունից, սակայն դրա վրա կառուցված են մի քանի ՀԷԿ-եր, և կարելի է ասել կանոնակարգում չկա։ Արդյունքում՝ ջրամբարի ջուրը տրամադրվում է ՀԷԿ-երին և կորում է։ Շահողը դառնում է տնտեսվարողը, տուժողը՝ Արթիկ քաղաքն ու հարակից 23 գյուղերը։ Ուստի պետք է խիստ վերահսկողություն սահմանել»,- նշեց պատգամավորը։
Երկրորդ հարցը, որ բարձրացրեց պատգամավորը, վերաբերում է գազաֆիկացմանը։
Նրա խոսքով, մարզերում կան բնակավայրեր, որոնք գազաֆիկացման կարիք ունեն, և բնական գազի խնդիր կա։
«Միայն Շիրակի մարզում 49 բնակավայր կա, որ առհասարակ գազաֆիկացված չէ, իսկ մի շարք բնակավայրեր էլ մասնակի են գազ ստանում։ Ես դիմում եմ Ձեզ՝ Մեծ և Փորք Մանթաշ գյուղերի մասնակի գազաֆիկացման խնդրով։ Ուսումնասիրե՛ք խնդիրը, որ հասկանանք՝ ինչու են համայնքները մասնակի գազաֆիկացված։ Մենք ակնկալում ենք, որ այդ գյուղացիները ձմռան ընթացքում փայտ գտնելու ուղիներ չեն փնտրի, և ծառահատումների ականատես չենք լինի»,- ներկայացրեց Սոֆյա Հովսեփյանը։
Նրա խոսքով, իր ներկայացրած երրորդ խնդիրը հուզում է բարձրլեռնային գոտիներում ապրող գրեթե բոլոր բնակիչներին։ Ըստ պատգամավորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ձմեռն ավելի երկարաշունչ է, և այդտեղ մարդիկ ո՛չ գարուն են տեսնում, ո՛չ՝ աշուն։
«Նրանք իրենց ամբողջ գումարն այդ ամիսներին ծախսում են ջեռուցման խնդիրը լուծելու համար։ Օրինակ, այս տարի մինչև մայիս ամիսը Աշոցքում, Ամասիայում մարդիկ բնակարանները ջեռուցում էին։ Նրանք և Երևանի բնակիչները նույն սակագինն են վճարում թե՛ գազի և թե՛ լույսի համար, թեև Երևանում ձմեռը 3 ամիս է տևում։ Եվ այժմ մարդիկ խնդրում են, որ գոնե ձմռան ամիսներին իրենց հնարավորություն ընձեռվի այլ սակագնային պլանով ջեռուցում կազմակերպել։ Իմ հնչեցրած հարցը գուցե իրատեսական չի թվում, բայց կարծում եմ՝ խնդիրն ուսումնասիրված չէ։ Եթե հետևեք խնդրին, գուցե լուծումներ գտնեք։ Նաև տնտեսվարողների համար հավասար պայմաններ չկան. նույն սրճարանը կա և՛ Գյումրիում և՛ Երևանում, բայց Գյումրիում սրճարանը ջեռուցում են 7 ամիս, Երևանում՝ 3 ամիս, թեև նույն չափով հարկ են վճարում»,- եզրափակեց խոսքը պատգամավորը՝ հույս հայտնելով, որ բարձրացված խնդրին լուծում կտրվի։
Հարակից հրապարակումներ`
- 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների համար սակագինը բարձրանալու է. Կամո Սարգսյան
- Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ-ի անդամի թեկնածու ունի