1.4 մլրդ դրամի արտոնություն տրվեց էներգիայի արտադրություն սկսող ընկերություններին
Կառավարության այսօրվա ընդունած որոշմամբ, թույլատրվել է «ԱրմՓաուեր» ԲՓԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության 250մվտ հզորությամբ գազային վառելիքով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցելու նպատակով։
«ԱրմՓաուեր»-ն արդեն իսկ իրականացրել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում, կիրականացնի ևս 61 մլրդ դրամի ներդրում՝ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, էլեկտրակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար:
Ներկայում առկա է 6 աշխատատեղ, կստեղծվի ևս 106-ը՝ 545,000 դրամ միջին աշխատավարձով։ Միայն հզորության մասով կայանի տարեկան իրացման ծավալը կազմելու է շուրջ 20 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները որոշվելու են համակարգի օպերատորի կողմից: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մատակարարվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.5 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 1.4 մլրդ դրամ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ, «Քլին էներջի» ՍՊԸ-ն կօգտվի մաքսատուրքից ազատվելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները օգտագործելու է արևային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության համար (Վայոց ձորի մարզ)։ Ծրագրի շրջանակում իրականացվել է 40 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 430 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, որից 218 մլն դրամը ցանկով ներմուծվող սարքավորումներն են։
Ներկայում ընկերությունում առկա է 3 աշխատատեղ` 88,000 դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի ևս 5-ը՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 245 մլն դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 218 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 21.4 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան