Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը վերաբերում է 36800 մարդու
«Աջակցության նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին»,- այսօր կատավարութան նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, երբ ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը:
Նախարարը հայտնեց, որ որոշման համաձայն, տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային, հյուրատնային ծառայությունները, հանրային սննդի ծառայությունները, զբոսաշրջային ծառայությունները, նախադպրոցական կրթություն, մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեությունը՝ սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությունը, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեությունը՝ երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, այլ առարկաների վարձույթ, ստեղծագործական, արվեստի բնագավառի, խաղատների գործունեությունը:
Զարուհի Բաթոյանի խոսքով, աշխատողները շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ն առնվազն մեկ օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են եղել տուժած ոլորտի գործատուի հետ, և եթե նույնիսկ տվյալ ժամանակահատվածում ընկերությունը լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը:
«Այդ տուժած ոլորտներում աշխատող անձանց աջակցությունը տրամադրվում է անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված դրամական այլ վճարում, պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից»,- հայտնեց նախարարը:
Ծրագրում ասվում է, որ եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ, ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։
Նախարարը հայտնեց, որ աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով և վճարվելու է անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
Նախագիծը վերաբերում է շուրջ 36800 մարդու, որոնք կարող են իրենց դիմումներն ուղարկել երկուշաբթի օրվանից:
Ծրագրի քննարկման ժամանակ բարձրացվեց շահառուների անձնական տվյալների պաշտպանության հարցը, որին արձագանքեց վարչապետը՝ հայտարարելով, որ անձնական տվյալները սրբորեն պաշտպանելու հետևանքով է, որ հանրության մի ստվար հատված չի հավատում, որ կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան կամ, որ իրենց կողքի շենքում կորոնավիրուսով վարակված մարդիկ կան:
«Երբ ոստիկանությունը բերման է ենթարկում մեկին, ինչ-որ մեկը մտնում է ուղիղ եթեր, բոլորին ցույց է տալիս, էդ ժամանակ ոչ մեկը չի հիշում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա: Իսկ երբ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ բա անձնական տվյալների գաղտնիությունը խախտել ես: Էս մեր ժամանակակից իրավաբանությունը, կներեք, էլի... Ամեն օր ինչ-որ տարօրինակ բանի ենք հանդիպում: Որտեղ ուզում ես խնդիր լուծել՝ ասում են՝ չէ, էդ խնդիրը մի լուծեք հանկարծ, դա չգիտեմ որ կոնվենցիայի խախտում է: Էդ օրենքները, ես չգիտեմ՝ խնդիր լուծելու համար են, թե խնդիր լուծելու համար չեն»,- հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հարկավոր է հրապարակել կորոնավիրուսով վարակված անձանց հասցեներն ըստ շենքերի, թե որտեղ քանի կորոնավիրուսով հիվանդ կա:
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ ծրագրից օժանդակություն ստացած անձանց տվյալները պետք է հրապարակվեն, ինչպես սահմանված է նախագծում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան