Իմքայլական պատգամավորը կարծում է՝ Կենտրոնում մեքենաների կայանման վճարը պետք է բարձրացնել
«Արդյո՞ք քննարկվել է Կենտրոն վարչական շրջանում մեքենաների կայանման համար նախատեսված վճարն ավելացնելու հարցը»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նրա խոսքով, Կենտրոն վարչական համայնքում տարածքներ կան, որտեղ մեքենաների կայանումը պետք է արգելել. «Իրոք, այդ հատվածները վտանգավոր են հետիոտների համար»։
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղակայման վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հարակից զեկուցող Վարազդատ Կապարետյանը, ի պատասխան Ծովինար Վարդանյանի հարցի, ասաց՝ ըստ նախագծի, ավագանին հնարավորություն ունի մինչև 25 հազար դրամ վճար սահմանել մեքենաների կայանման համար։
«Մենք պետք է նայենք, թե ավագային ինչ գումար կսահմանի։ Ոնց հասկանում եմ, այս փուլում 12 հազար դրամից ավելի գումար նախատեսված չէ։ Բայց ինքս էլ կիսում եմ Ձեր մտահոգությունը՝ հետիոտների համար ազատ տարածքների առումով։ Բայց պետք է սպասենք ավագանու որոշմանը, կամ ինքներս այստեղ ստեղծենք շրջանակ՝ համաձայն որի ավագանին կգործի»,- նշեց Վարազդատ Կարապետյանը։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ պետք է ամեն ինչ անել՝ Կենտրոնը բեռնաթափելու համար։
«Մի քանի սրճարանների ու ռեսորանների պատճառով երեկոյան ժամերին Կենտրոնը կաթվածահար է լինում, քանի որ այդտեղի աշխատակիցներն են իրենց մեքենաները կայանում, ինչպես նաև հաճախորդներն են կայանում։ Ուստի մենք պետք է ելնենք այն տրամաբանությունից, որով մեր քաղաքն աշխատում է»,- շեշտեց Ա. Սիմոնյանը։
Վարազդատ Կարապետյանն էլ ասաց, որ երկու ամիս ժամանակ կա, որպեսզի հարցն ամբողջապես քննարկվի և նախագծում որոշակի շտկումներ մտցվեն։
«Որքան էլ բիզնեսների համար հարմար է ավտոկայանատեղիներ ունենալ, պետք է մենք ավելի շատ մտածենք հասարակության մասին։ Քանի որ քաղաքը բիզնեսի համար չէ, այլ՝ հասարակության»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան