Թուրքիայի Սահմանադրական դատարան․ Դեմիրթաշի իրավունքները ոտնահարվել են
Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պետք է ազատ արձակվի։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Դատարանը սահմանել է, որ Դեմիրթաշի կալանավորման ողջամիտ ժամկետը վաղուց սպառվել է, հետևաբար խախտվել են նրա անձնական ազատության և անվտանգության իրավունքները։ ՍԴ-ի որոշմամբ՝ Դեմիրթաշն իր իրավունքների ոտնահարման համար 50․000 լիրայի (շուրջ 7300 ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում պետք է ստանա։ Փոխհատուցումը պիտի վճարի Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը։
Դեմիրթաշի փաստաբան Բենան Մոլուն ընդգծել է, որ իր պաշտպանյալի կալանավորման առավելագույն ժամկետը լրացել է դեռևս 2019թ․ սեպտեմբերի 20-ին, իսկ դրանից հետո անազատության մեջ անցկացրած յուրաքանչյուր օր Դեմիրթաշի իրավունքների խախտում է։
Նշենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը կալանավորվել էր 2016թ․ նոյեմբերի 4-ին՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և նմանատիպ մեղադրանքներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա