Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Դեպքի վայրում են գտնվում 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1 ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։
Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ, որի վրա աշխատում են 34 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։
Հրշեջ-փրկարարական մեքենաների համար անմատչելի տեղանքում հրդեհաշիջում իրականացնելու համար փրկարարները մոտ 2 կմ տեղափոխել են հրդեհաշիջման պարագաներ, գործիքներ և ահռելի քանակությամբ ջուր։
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Ավագյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Վ․ Հովսեփյանը։Հրդեհը մեկուսացվել Է ժամը 19։10-ին։ Ծխացող օջախներ չկան։
Տեղում իրականացվում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։