Փաշինյան. Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցություններին օբյեկտիվ անհրաժեշտություն է
«Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։
Նա ընդգծել է՝ ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:
Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանը մասնավորապես ասել է.
«Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցաքային մի շարք հարցերում և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերևույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի:
Առաջին խնդիրն արդեն նշեցի, այն վերաբերվում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամության հետ: Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետև այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում:
Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ:
Հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով:
Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով։
Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը հստակ արձանագրեց և դատապարտեց Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցանքների խրախուսումը: Այս դատավճիռը պետք է սահմանի հստակ կարմիր գծեր Ադրբեջանի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծերից անդին կանգնած է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին