Բժիշկ. Միայն դիմակ կրելը հարցի լուծում չէ, զանգվածային կանխարգելում չեն անում. Tert.am
Tert.am-ը գրում է՝ բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը անընդունելի է համարում կորոնավիրուսի տարածման համար ժողովրդին մեղադրելը։ Ըստ բժշկի, քանի որ առողջապահական համակարգը չի կարողանում կատարել իր գործառույթը, ստիպված մեղքը գցում է ժողովրդի վրա: Վարակի տարածման պատճառը առողջապահական համակարգի սխալ կազմակերպումն է, միայն դիմակ կրելը հարցի լուծում չէ:
Դիտարկմանը, թե վարչապետի, այլ պաշտոնյաների, նաև՝ ԱԻՆ և Ոստիկանության շրջիկ մեքենաներից հաղորդած հայտարարությունների համաձայն՝ կարելի է կրել նաև ինքնաշեն դիմակներ, այժմ ինչո՞ւ է հակառակն ասվում, Մանուկյանը արձագանքել է, թե սխալ է նման հայտարարություններ անելը, բայց, հավանաբար, պատճառն այն է, որ բժշկական դիմակները թանկացել էին:
«Ես երբևէ բժշկական միջազգային կազմակերպության կողմից նման հայտարարություն չեմ տեսել, որ ինքնաշեն, կտորից դիմակները կարող են լինել արդյունավետ: Ես, ի սկզբանե, այդ գաղափարին դեմ էի, բայց այն Կառավարության կողմից բարձրաձայնվում էր, քանի որ բժշկական դիմակները թանկացել էին, դրա համար որոշել էին հորդորել գոնե կտորից դիմակ կրել: Սխալ էր նման հորդոր անել: Դիմակը չի կանխարգելում վիրուսի տարածումը, բայց պետք է կրել, քանի որ այն նվազեցնում է վարակվելու հավանականությունը 50-70 տոկոսով»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Կառավարության որոշ որոշումներ շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել վարակի տարածման վրա, քան՝ քաղաքացիների դիմակներ չկրելը:
«Թող մարդուն ժամանակին հոսպիտալացնեն, որ չհասցնի այլ անձանց վարակել: Մայիսի 21-ից ասիմպտոմ անձինք բուժումն ստանում են տանը: Մենք այդ քաղաքացիներին հետևելու պարտականությունը դրեցինք առաջնային օղակի վրա, որը պատրաստ չէր այն կատարել: Պոլիկլինիկայի աշխատակիցներին ասել են՝ ջերմություն չափիր, անտիբիոտիկներ նշանակիր: Վերակենդանացման բաժանմունքներ ուղարկում են մահանալու, որովհետև բարձիթողի վիճակ է: Մարդիկ օրերով սպասում են թեստավորման, մի քանի օր՝ դրա պատասխանին, մի քանի օր էլ՝ որ հիվանդանոցում տեղ ազատվի: Այդ մարդն այդ ընթացքում այլոց է վարակում, միայն այն պատճառով, որ չի հոսպիտալացվում ժամանակին»,-նշել է բժշկուհին:
Անդրադառնալով քաղաքացիների վարքաբանական կանոնների հաճախակի փոփոխությանը՝ բժշկուհին նշել է, թե այդ մոտեցումը ևս նպաստում է քաղաքացիների՝ վարակին անլուրջ մոտենալուն, նոր պայմաններին չհարմարվելուն, հետևաբար՝ դրանց չհետևելուն:
«Օրինակ՝ սկզբում առողջապահության նախարարի կողմից ասվում է, թե կորոնավիրուսի մասնիկներն այնքան փոքր են, որ կարող են անցնել անգամ բժշկական դիմակի անցքերից, հետո դիմակը դառնում է պարտադիր: Փողոցում դիմակ կրելը սկզբում պարտադիր չի լինում, հետո մտափոխվում են: Տրանսպորտում չեն թողնում՝ կանգնած մարդ լինի, բայց իրար կողքի նստել թողնում են: Տրամաբանությունը ո՞րն է»,-ասել է Մանուկյանը:
Ավելին՝ սկզբնաբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- 19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 6000 դիմակ վիրահայերից` շուտով Հայաստանում
- Փաշինյանը Երևանի փողոցներում քաղաքացիներին դիմակներ է բաժանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան