«Ժողովուրդ». Դատավորները սարսափած են. Վճիռն անակնկալ է եղել դատական համակարգի գերակշիռ մեծամասնության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում գրեթե բոլոր դատավորները սարսափած են. պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառված 2 մլրդ դրամ գրավի միջնորդության բավարարումն էր: Այս որոշումով, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս վճիռն անակնկալ է եղել դատական համակարգի շատ ներկայացուցիչների կամ գերակշիռ մեծամասնության համար, քանի որ բոլորի համար ակնհայտ էր՝ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ լինելն ավելի խաղաղ էր դատական համակարգի համար, քան նրա՝ ազատության մեջ գտնվելը:
Իսկ ո՞րն է դատավորների մտավախությունը. Հայաստանի քաղաքական իշխանությունը մի անգամ արդեն դատարաններին պատժելու և անկախ դատական համակարգ ունենալու ձգտումներով կազմակերպեց դատարանների շրջափակման գործընթաց, և, կարելի է ասել, փորձ արվեց մի շարք դատավորների հասկացնել իրենց «ճիշտ» գործառույթները:
Հիմա Հայաստանի երրորդ իշխանության ներկայացուցիչները չգիտեն, թե ինչ քայլեր կհաջորդ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը, քանի որ բոլորի համար էլ հասկանալի է՝ ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ հայ հասարակության մի զգալի հատվածի կողմից անընդունելի վճիռ է կայացվել: Արդյոք արդարացված է եղել Վերաքննիչ դատարանի որոշումը, թե ոչ՝ սպասենք զարգացումներին:
Հավելենք, որ փաստաբանները Վերաքննիչ դատարան ներկայացված դիմումով վիճարկում էին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր պաշտպանների միջնորդությունը Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորություն դիմաց: Միևնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը:
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից: Անցած ամիս վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը մինչև կորոնավիրուսի համաճարակի ավարտը մնալու է հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան