ԱՆ. Դեքսամեթազոնի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիներն առանց բժշկի նշանակման և ցուցման ձեռք են բերում դեքսամեթազոն դեղամիջոցն այն բանից հետո, երբ վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել էին Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը:
Նախարարությունից հայտնում են, որ ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները և դեղի նկատմամբ պացիենտի արձագանքը:
ԱՆ հիշեցնում է, որ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն:
«Հետևաբար, դեքսամեթազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը: Առողջապահության նախարարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին»,- հայտնում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն
- ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ դեքսամետազոնի կիրառման նախնական արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները