Լիտվան բուժանձնակազմ և բժշկական օգնության է ուղարկել Հայաստան
Հունիսի 19-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Լիտվայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ տեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։
Կայացած ասուլիսում Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան նշել է, որ Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Նախարար Վերիգան նաև ընդգծել է, որ բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան են մեկնում երեք մասնագետներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդը բերել Լիտվայում համավարակի զսպման գործում։ Եզրափակելով խոսքը` նախարար Վերիգան հույս է հայտնել, որ իրենց հայ բարեկամներին ուղարկվող այս օժանդակությունը կօգնի հաղթահարել համավարակը։
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում, երախտագիտություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և բոլոր ներգրավված գերատեսչություններին, նշել է, որ Լիտվան առաջինն էր, որ արձագանքեց Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերեց։
Դեսպանը նաև ասել է, որ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են
- Առողջապահության նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ օգնության խնդրանքով