30-ի փոխարեն՝ 45 քննական կենտրոններ
Այս տարի ընդունելության քննությունները, որոնք մեկնարկելու են հուլիսի 2-ից, անցկացվելու են նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն քննական կենտրոններում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:
Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։ Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:
Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեն Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել էր 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների.
1. 02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/,
2. 04 հուլիսի՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»,
3. 06 հուլիս՝ «Մաթեմատիկա»
4. 08 հուլիսի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»:
Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով ընդունելության մեկ քննություն: