Մեր պապերը մեզ չեն սովորեցրել գնահատել հինը․Ն․Մանուկյան
«Ֆիրդուսի» կառուցապատման նախագիծը շարունակում է քննարկման առարկա մնալ։ Չնայած Հին Երևանի վերջին մասնիկների համար պայքարող ակտիվ քաղաքացիների պահանջին, կառավարության ներկայացուցիչները փորձում են ելքեր գտնել նախագիծը կյանքի կոչելու համար։ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն կամ պարզապես երևանցի Նունե Մանուկյանին շատ է մտահոգում Երևանի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների կամ ուղղակի անտարբեր քաղաքացիների վերաբերմունքը։
«Լինի Ֆիրդուսի, լինի Էջմածնի որևէ այլ կառույցի,թե լինի Պուշկինի քանդման նախագիծ, մեզանում խնդիրն այն է, որ չենք կարողանում գնահատել այն ինչ ունենք։ Մենք օտարամոլ ենք և հաճույք ենք ստանում, օրինակ, երբ գնում ենք Վրաստանի հնությունը կամ հին Երուսաղեմը նայելու։ Ինձ համար ցավալի է,որ մեր պապերը մեզ չեն սովորեցրել գնահատել հինը։ Դա է պատճառը,որ այսօր չունենք հին ամրոց, որովհետև քանդել ենք։ Քանդում ենք հին եկեղեցիները, կողքը մի բարերար գալիս է նորն է կառուցում։Սերունդներին կրթելու խնդիր ունենք»,-panorama.am-ին ասաց Մանուկյանը։
Ըստ նրա, թերևս դրա վառ ապացույցն է մերօրյա երիտասարդ իշխանավորների այն պնդումները , որ Ֆիրդուսի կառուցապատումից պետությունը եկամուտներ է ստանում՝ աշխատատեղեր են բացվում։
«Խնդիրը նրանում է, որ պետությունն այս ծրագրից եկամուտ չի ստանում։ Ես ջղայնանում եմ, երբ ասում են մենք աշխատատեղ ենք ստեղծում։Ո′չ, առաջինը գործարարն է այստեղ լավ փող աշխատում։ Դա ժամանակավոր աշխատատեղ է և կարճաժամկետ բնույթ է կրում։ Իսկ այն, որ քաղաքը երկարաժամկետ կորցնում է գրավչությունը ոչ ոք դրա մասին չի խոսում։ Մենք պետք է հասկանանք, երկարաժամկետ ենք ուզում պետությունը զարգացնել,թե կարճաժամկետ՝ ինչ որ մեկը Հայաստանում երկարաժամկետ հարստանա ու թողնի գնա»,-ավելացրեց բնիկ երևանցին։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ տեղի ապրողները կողմ են Ֆիրդուսի կառուցապատման ծրագրին, Նունե Մանուկյանն արձագանքեց․ «Ամեն քաղաք ունի իր հնությունը։ Եթե տեղի ապրողին դա ձեռնտու չէ, ապա կարող է մեծ գումարներով վարձով տալ և երկարաժամկետ եկամուտներ ստանալ, ինչպես այլ երկրներում է։ Ես հասկանում եմ այտեղ ապրողներին, որ դժվար են ապրում և ուզում են գումար աշխատել, բայց կա այլ լուծում, ինչպես եվրոպական երկրներում է։ Կենտրոնում ապրող մարդիկ, եթե հոգնում են քաղաքային աղմուկից, ապա վարձով են տալիս այն և այդ գումարով ապրում ծայրամասում։ Այո, Ֆիրդուսիում կան շատ վատ վիճակում տներ, բայց ես Պալերմոյում ապրել և տեսել եմ ,թե ոնց են վերականգնում հինը, ոչ թե՝ քանդում։ Տուրիզմի տեսանկյունից էլ, պետք է պահպանել հնությունները, այլապես մի հիսուն տարի հետո էլ եկող սերունդը կքանդի այն, ինչ հիմա է կառուցվում»։
Հավելենք, որ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2008 թվականի նոյեմբերին, վերջին անգամ՝ 2018 թվականի մարտի 22-ին:
Հարակից հրապարակումներ`
- Աբրոյան. Մեր կողմից տագնապի բարձրացմանն ընթացք չտալը բերեց Ֆիրդուսի շինությունների դեպքերին
- ԿԳՄՍ փոխնախարարը դեմ է Ֆիրդուսի կառուցապատման նախագծին
- «Իմ քայլ»-ը կքննարկի Ֆիրդուսի թաղամասի հարցը
- Ֆիրդուսի թաղամասի քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն. Փաշինյան
- Ֆիրդուսի շուկայից տասնյակ առևտրականներ դիմել են «Հրազդան» տոնավաճառ. «Հրապարակ»
- «Ֆիրդուսին» կայծակնային արագությամբ քանդեցին, բայց նույն արագությամբ մարդկանց տներ չհատկացրին. «Առավոտ»
- Նախագահը հանձնարարել է զբաղվել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի բնակիչների խնդրով