Այսօր ոչ մի հիվանդանոցում տեղ չկա, շտապ օգնությունն էլ զանգերին չի պատասխանում. Լամարա Մանուկյան
«Համաճարակի մեկնարկին մենք շատ ակտիվ սկսեցինք պայքարի միջոցառումները, բայց կարծում եմ, մենք այդպես պետք է շարունակեինք պայքարել ևս մեկ ամիս»,- «MedMedia»-ի հետ զրույցում ասել է թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեմ կառավարության պայքարի միջոցներին։
Նրա խոսքով, սակայն, քանի որ ժողովուրդը գնտվում էր տնտեսական և սոցիալական այնպիսի վիճակում, որ չէր կարողանում ապրել, մարդիկ սկսեցին աշխատել։ Բայց, նրա խոսքով, եթե ևս մեկ ամիս ժողովրդին ապահովեին մինիմալ աշխատավարձով, կասեցնեին բանկային վարկերը և մարդկանց համատարած ապահովեին դիմակներով, ապա այս վիճակը չէր լինի։
Նրա վստահեցմամբ, սկզբում շատ ճիշտ քաղաքականություն էր վարվում՝ կանխարգելման միջոցառումների հետ կապված։
«Չգիտեմ ինչու՝ սրճարանները, վարսավիրանոցներն ու ռեստորանները բացեցին, ու առաջին մի շաբաթը՝ մայիսի 18-25-ը դիմակներն էլ պարտադիր չէին, անհասկանալի շաբաթ էր, և այդ ժամանակի բացթողման պատճառով են այսօր նման թվեր գրանցվում։ Բացի այդ, ինֆորմացիայի հաճախակի փոփոխությունները բերեցին հասարակության շրջանում թերհավատության։ Պետք է նույն բանն ասվեր անընդհատ, և արտահայտվեր նույն դիրքորոշումը»,- նշեց նա։
Լ. Մանուկյանը անքննելի համարեց փաստը, որ դիմակը պաշտպանում է վիրուսից. «Այո, մենք դիմակով նվազեցնում ենք վիրուսի տարածումը, բայց այն 100%-ով չի կանխարգելում վարակվելը, այլ 50-70%-ով նվազեցնում է վարակվելու հավանականությունը։ Բայց փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, սոցիալական տարածություն պահելը բավական է, որ փողոցում վիրուսը չտարածվի։ Եվ պաշտպանիչ դիմակը պետք է լինի բժշկական եռաշերտ դիմակ, որևէ պաշտոնական հայտարարություն չկա, որ ինքնաշեն դիմակը պաշտպանում է»։
Բժիշկը նաև հարց հնչեցրեց՝ որտե՞ղ պետք է զգեստափոխվի մեկուսացված կամ տանը բուժում ստացող քաղաքացուն այցելով բժիշկը, կամ ի՞նչ մեքենայով պետք է գնա։
«Հիմա հիվանդին պոլիկլինիկա չեն կանչում, քանի որ չեն կարողանում ամբողջապես չեզոքացնել կորոնավիրուսով վարակված քաղաքացու և մյուս հիվանդների կոնտակտը։ Հիմա բժիշկը երկու անգամ զանգում հարցնում է՝ ոնց ես, երրորդ անգամ զանգում է հիվանդին, տեսնում է՝ ծայրահեղ ծանր է։ Այդ դեպքում հիվանդը պետք է թեստավորվի, ինչը տևում է 5-7 օր»,- նշեց նա։
Բժիշկը նաև կարծիք հայտնեց, որ պետք է վիրուսը հաղթահարած, բայց դեռ թոքաբորբ ունեցող քաղաքացիներին ևս մի հիվանդանոց հատկացվի, որտեղ նրանք կշարունակեն բուժում ստանալ։
Ավելի ուշ Լամարա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև, որ դեպքեր կան, բայց ոչ ծարահեղ ծանր վիճակում, երբ 10 օր տանը հակաբիոտիկներից հետո, առանց թեստավորման, ՀՇ և արյան հետազոտության, 3֊5 անգամ շտապ օգնության կանչերից հետո, տանը թթվածին շնչելով մի կերպ հոսպիտալացվում է հիվանդը։
«Այսօր ոչ մի հիվանդանոցում տեղ չկա, շտապ օգնությունն էլ զանգերին չի պատասխանում, կամ 20 անգամ զանգելուց հետո ասում է ինքներդ պայմանավորվեք հիվանդանոցների հետ, որ գանք տանենք։ Միայնակ տատիկը, պապիկը կամ ցանկացած մարդ կարո՞ղ է ինքնուրույն պայմանավորվել հիվանդանոցի հետ, որ իրեն ընդունեն»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկ. Միայն դիմակ կրելը հարցի լուծում չէ, զանգվածային կանխարգելում չեն անում. Tert.am
- Երեք ԲԿ պատրաստ են կորոնավիրուսային հիվանդների բուժման և հիվանդներն են հերթ կանգնած
- Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
- Կորոն վախտի խաղալիք