Edcamp. Հայաստանում ելույթ կունենան համաշխարհային հեղինակության խոսնակներ
Հայաստանի երկրորդ տարեկան ուսուցչական-հանրակրթական համաժողովը՝ Edcamp-ը կանցկացվի հունիսի 22-27-ը։ Բացումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 11:00-ին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Edcamp-ին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 2,500 ուսուցիչ, հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հետազոտող և տնօրեն Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։ Մասնակցության քարտեզն ընդգրկում է ավելի քան 175 գյուղ և 46 քաղաք։
Համաժողովը կազմակերպում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամի և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Համաժողովը ներառում է հայաստանյան խոսնակների մասնակցությամբ 54 նստաշրջան, նախադպրոցական (հունիսի 25, 14:20-16:40) և ներառական կրթության (հունիսի 27, 10:0-12:00) ոլորտային քննարկումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի հետ համագործակցությամբ։
Հունիսի 27-ին Edcamp-ը կամփոփվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպվող մասնակցային լայն քննարկմամբ՝ «Հանրակրթության բովանդակության փոփոխությունն ու ուսուցիչների խրախուսման նոր համակարգի ներդրումը» խորագրով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կրթական հանրության հետ մասնակցային քննարկման շրջանակում կներկայացնեն սպասվող փոփոխությունները։
Համաժողովի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան համաշխարհային հեղինակության խոսնակներ. Դիլըն Ուիլիամ (ձևավորող գնահատման համահիմնադիր), Մայքլ Յանգ (կրթության սոցիոլոգ), Նորբերտ Պաքլեր (հեռավար կրթության մասնագետ), Պասի Սալբերգ (հայտնի «Ֆիննական դասերը» գրքի հեղինակ)։ Կներկայացվի Էստոնիայի կրթական բարեփոխումների փորձը, որպես 2018-ին աշխարհում 5-րդ կրթությամբ առաջատար պետություն։
Համաշխարհային հեղինակության կրթական փորձագետների ելույթները, ոլորտային քննարկումները, ԿԳՄՍ նախարարության բարեփոխումների վերաբերյալ մոտեցումները կհեռարձակվեն «Պարադիգմա» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի ուղիղ եթերով՝
մասնակցության հնարավորություն տալով բոլորին, ովքեր չեն հասցրել հայտագրվել համաժողովին մասնակցելու համար:
Edcamp ուսուցչական-հանրակրթական համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2019թ.-ին` համախմբելով շուրջ 400 մասնակցի Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և սփյուռքից։ 2020 թվականին համաժողովի մասնակցության աշխարհագրությունն ու մասշտաբներն աճել են ավելի քան 500 տոկոսով։