Մերօրյա Թուրքիան հերթական անգամ կրկնում է իրավանախորդի՝ Օսմանյան կայսրության գործելաոճը․ Արմեն Պետրոսյան
Անցյալ շուրջ 1 տասնամյակի ընթացքում մերձավորարևելյան տարածաշրջանում սկիզբ առած մի շարք հակամարտությունների շրջանակներում Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Իր հետապնդած շահերով, դրանց պաշտպանությանն ուղղված գործիքակազմով, նաև հստակ գործողություններով Անկարան շատ հաճախ դրսևորել է նույնպիսի վարք, ինչպիսին Օսմանյան կայսրությունը՝ իհարկե ներկա ժամանակային և աշխարհաքաղաքական օբյեկտիվ իրողությունների պայմաններում։ Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Վերոնշյալի համատեքստում վարքագծային գրեթե նույնական կրկնություն է նաև նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ներկա համաշխարհային ճգնաժամի ընթաքում։ Եթե, օրինակ, շուրջ 1-դարյա վաղեմությամբ Օսմանյան կայսրությունը, օգտվելով Առաջին աշխարհամարտից լուծում էր նաև սեփական նեղ խնդիրները՝ ասենք ցեղասպանելով նաև տեղաբնիկ էթնիկ կամ կրոնական որոշ խմբերի, ապա մերօրյա Թուրքիան էլ բազմակողմանիորեն հետամուտ է լինում իր օրակարգային խնդիրների լուծմանը։
Նոր թափով են շարունակվում տարաբնույթ ներքին ճնշումները գործող իշխանությունների ընդդիմադիրների դեմ։ Երկրի սահմաններից դուրս Անկարան, օգտվելով մրցակից դերակատարների պասիվությունից, զգալիորեն ակտիվացրել է իր գործողություններն ինչպես սահմանակից, այնպես էլ տարածաշրրջանային այլ երկրներում։
Այսպես, վերջին 3 ամիսներին Թուրքիան էականորեն ամրապնդել է սեփական դիրքերը Սիրիայի հյուսիսում՝ սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Լիբիայում Անկարայի հովանավորյալ ուժերը, արձանագրելով որակապես լուրջ ռազմական հաջողություններ, արդեն փաստացի հրաժարվում են քաղաքական երկխոսությունից։ Թուրքական զինված ուժերն անցյալ շաբաթ PKK-ի դեմ «հակաահաբեկչական պայքարի» հիմնավորմամբ օդային և ցամաքային ռազմագործողություններ են նախաձեռնել Իրաքի տարածքում։ Աննախադեպ կերպով ակտիվացել են նաև թուքահովանավորյալ տարբեր խմբեր Լիբանանում, Երուսաղեմում և այլն։
Իսկ վերոնշյալի համատեքստում ամենամտահոգիչը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դերակատարների խիստ դեկլարատիվ և ոչ առարկայական գործողություններն են՝ տարածաշրջանի ամենավտանգավոր պետության կողմից նաև գործող միջազգային իրավակարգի բացահայտ ոտնահարումները զսպելու հարցում՝ դարձյալ ճիշտ շուրջ 1-դարյա վաղեմությամբ իրավիճակի սկզբունքային կրկնության համեմատությամբ»,-գրել է Արմեն Պոտրոսյանը։