ԵԽ գլխավոր քարտուղար․ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի խորհրդատվությամբ
«Հունիսի 19-ին ընդունված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում»,-այս մասին այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարզաբանում է Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի շրջանակներում և ընդունել է Ազգային ժողովի իրավասությունը՝ հետ կանչելու իր որոշումը հանրաքվեի վերաբերյալ: Ավելին, այն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ 2015 թվականի Սահմանադրության դրույթները լիարժեք կատարելու նպատակը օրինական է:
Եվ որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչ այդ ժամկետը, իսկ այն դատավորները, ովքեր արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչև փոխարինվելը, պետք է կարողանան օգտվեն նոր անցումային ժամանակից, որի տևողությունը պետք է որոշեն Հայաստանի իշխանությունները:
Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում նման անցումային ժամանակաշրջան, Ազգային ժողովում ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը:
«Ես հրավիրում եմ բոլոր իշխանություններին՝ առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ հաղթահարելու սահմանադրական ճգնաժամը՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն իրականացմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան», - ասում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին
- Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. news.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան