Իտալիա. ո՞վ է մեղավոր համաճարակի համար
Այն օրերը, երբ բանակային բեռնատարները կորոնավիրուսից մահացածների դագաղներն էին հանում Բերգամոյից, մնացին ետևում, բայց տեղացիները պատրաստ չեն մոռանալ այդ մասին և փորձում են պարզել, թե ով է մեղավոր կատարվածի համար: Այս հարցը շատերին է անհանգստացնում, և ոչ միայն Իտալիայում։ Հարցին որոշել է հետամուտ լինել և պատասխան տալ «Noi Denunceremo» ասոցիացիան։ Այն ստեղծվել է մարտին՝ Լուկա Ֆուսկոյի կողմից, որը կորցրել հորը համաճարակի պատճառով: Իր որդու հետ միասին նրանք արդեն 50 հայցադիմում են ուղարկել Բերգամոյի դատախազություն՝ կապված մոտակա Նեմբրոյի և Ալզանոյի շրջանում կարմիր գոտի հայտարարման հետաձգման հետ: Այս մասին գրում է Euronews-ը։
Այժմ կատարվում է հետաքննություն՝ պարզելու, թե որ մակարդակում պետք է որոշում կայացվեր՝ պետական, թե տարածաշրջանային մակարդակով:
«Մենք ուզում ենք իմանալ ճշմարտությունը, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի փոխել մի համակարգ, որը չի աշխատել պատշաճ կերպով»,- ասում է Լուկա Ֆուսկոն։
Ըստ նրա որդու՝ Ստեֆանո Ֆուսկոյի, նախատեսվում է նաև հնարավորություն տալ, որ ամբողջ Եվրոպայից մարդիկ, ովքեր կորցրել են սիրելիներին, կիսեն իրենց պատմությունները։
«Մենք արդեն աշխատում ենք դրա վրա, չնայած այն դեռ նոր է սկսվում: Տարբեր երկրներում շատերը հետաքրքրված են, և ես կարծում եմ, որ առաջիկա ամիսներին մենք արդեն կունենանք որևէ կոնկրետ բան»,-ասել է Ստեֆանո Ֆուսկոն։
Ընկերության փաստաբանը Կոնսուելո Լոկատին է, ով նույնպես կորցրել է հորը համաճարակի պատճառով։
«Արդարության հասնելով՝ այս մարդիկ կկարողանան սկսել նոր կյանք: Իհարկե, նրանց կյանքը նույնը չի լինի, բայց համենայն դեպս նրանք կկարողանան աստիճանաբար համակերպվել այս մահերի հետ՝ վշտին տուրք տալով»,- ասում է փաստաբանը։
Ըստ Ալզանո քաղաքի բնակիչների, վիրուսի պատճառով այստեղ գրեթե բոլորը կորցրել են առնվազն մեկ ընկեր կամ հարազատ:
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Բերգամոյի դատախազության կողմից կանչվել էր հարցաքննության՝ համաճարակի տարածման հետաքննության շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. Իտալիայի դատախազները 3 ժամ հարցաքննել են վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
- Իտալիայում Covid-19-ից մահացածների հարազատները դատի են տալիս կառավարությանը
- Իտալիայի վարչապետ Կոնտեն կանչվել է հարցաքննության՝ համաճարակի դեմ պայքարի գործով