Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստանում ԲՈւՀ ընդունվելու հնարավորությունից
Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Jnews-ը գրում է, որ մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:
Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին:
Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի Հանրապետության բուհերում»:
Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին:
Ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Panorama.am-ը դիմել էր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հարցնելով, որ համավարակի պատճառով սահմանները փակ են, եթե հուլիսի առաջին տասնօրյակում էլ դրանք փակ լինեն, այդ դեպքում արտերկրից քննություններին մասնակցող դիմորդներն ինչպե՞ս կարող են ներկայանալ քննություններին, պատասխանեել էին, որ բոլոր այն դիմորդները, որոնք կներկայանան քննական կենտրոններ, կմասնակցեն ընդունելության քննություններին և դրանց դրական արդյունքի դեպքում՝ մրցույթին, քննություններին չմասնակցած դիմորդները կարող են փորձել ընդունվել բուհեր հեռակա համակարգով կամ հաջորդ ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելով։
Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով ընդունելության մեկ քննություն: Ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:
Հարակից հրապարակումներ`
- 30-ի փոխարեն՝ 45 քննական կենտրոններ
- Միասնական քննությունների օրերը
- Արդեն ավելի քան 11 հազար դիմորդ լրացրել է հայտադիմումը