ՏԿԵՆ. Այգեզարդն ունի բարեկարգ ճանապարհ
Ավարտվել են Արարատի մարզում գտնվող Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ տասնամյակներ ի վեր չնորոգված ճանապարհը վերականգնվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց տեղում:
Ծրագրի շրջանակներում ճանապարհն ասֆալտապատվել է, վերակառուցվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են մայթեր, իջատեղեր և մուտքեր, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ, արվել են նշագծումներ և այլն։
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանն ընդգծում է‚ որ ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև գյուղերի հանրային նշանակության օբյեկտներ՝ համայնքապետարան, մանկապարտեզ, դպրոց, բուժկետ տանող իջատեղերը։ Այգեզարդում ևս ասֆալտապատվել են համայնքապետարան, մանկապարտեզ և դպրոց տանող փողոցները՝ դրանք դարձնելով ոչ միայն անվտանգ, այլև բարեկարգ ու գեղեցիկ։
Տիկին Աղաբեկյանը նկատել է նաև‚ որ կապալառու կազմակերպությունը՝ «Արարատ ճանշին» ընկերությունը‚ համայնքի համար‚ նաև համայնքի որոշակի ներդրմամբ‚ կատարել է լրացուցիչ աշխատանքներ։