Ինչո՞ւ իշխանությունը չի ընդունել Վենետիկի հանձնաժողովի առաջարկը
«Երբ մենք փորձում ենք ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը բացել և հաղթահարել, չգիտես ինչու՝ ընդդիմությունն այն որակում է որպես հակապետական քայլ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին։
Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Ներկայացված նախագծի քննարկմանն ու քվեարկությանը ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել՝ նշելով, որ չեն ցանկանում ներգրավվել հակասահմանադրական գործընթացներին։
Նրա խոսքով, երբ իրենք նախատեսում էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անել, ընդդիմությունը դարձյալ կարծիք էր հայտնում, որ նախագիծը խնդրահարույց է։
Լ. Մակունցը նշեց, ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքով հստակ սահմանվում են այն գործառույթները, որոնք իրավասու է իրականացնել ԱԺ պատգամավորը, և այդ լիազորությունների շրջանակից դուրս որևէ գործողություն չի իրականացվում։
Դիտարկմանը, որ ընդդիմադիր խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանը» ԱԺ արտահերթ նիստին չմասնակցեց՝ պատճառաբանելով, որ իշխանությունները չեն գնում քաղաքական երկխոսության ու բանավեճի, Լ. Մակունցն արձագանքեց՝ բանաեճ ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմության ներկայացուցիչները հայտնվում են դահլիճում և հնչեցնում են հակառակ տեսակետ.
«Մենք շատ ուրախ կլինեինք, որ ընդդիմությունը ներկա գտնվեր նիստին և կարծիք հայտնել։ Մեզ միշտ հետաքրքրում է ընդդիմության կարծիքը, և մենք կուզեինք լսել նաև ընդդիմադիր պատգամավորներին»։
Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ իր առաջարկությունները՝ գործողությունները փուլ առ փուլ իրականացնելու վերաբերյալ, չեն ընդունվել, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ Վենետիկի հանձնաժողովը ընդհանուր առմամբ դրական համարելով մոտեցումը, որ անհրաժեշտ են լուծումներ, կարծում է, որ պետք է հաշվի առնվեր իր այն առաջարկը, որը նախատեսում էր անցումային փուլ։
«Մենք այդ անցումային փուլը չենք ներառել, քանի որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է, և այն պարտադիր բնույթ չի կրում։ Այո, առաջարկ է արվել, բայց դա չպետք է պարտադիր ներառվի նախագծում։ Բացի այդ, այնտեղ նաև նշվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է որոշումներ ընդունեն նաև անցումային փուլի տևողության առումով։ 2018-ից է սկսվել անցումային փուլը, և այդ պատճառով մենք որոշեցինք՝ այս պահին այդ փուլը պետք չէ»,- նշեց Լ. Մակունցը։
Իսկ հարցին, թե ինչու իշխանությունը նախագիծը շրջանառեց նախքան Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ քննարկման ողջ ընթացքում իրենք բանակցությունների մեջ են եղել հանձնաժողովի հետ։
«Կոնցեպտուալ առումով խնդիր չի առաջացել, և մենք ունեցել ենք տեղեկատվություն, որ մինչև նախագծի քննարկումը հանձնաժողովի որոշումը լինելու է, ուստի հարկ ենք համարել շրջանառել նախագիծը»,- եզրափակեց խոսքը Լիլիթ Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
- Վարդան Այվազյան. Եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չուղարկվի ՍԴ, դա կլինի Սահմանադրության կոպիտ խախտում
- Վահագն Հովակիմյան. Շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին, բայց կգնանք մեր նախընտրելի ճանապարհով
- Այս նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին